Իսրայելի 11-րդ վարչապետ Արիել Շարոնը կհուղարկավորվի այսօր՝ Նեգև անապատի «Շիկմիմ» ընտանեկան ֆերմայում, կնոջ՝ Լիլիի կողքին: Վերջինս մահացել է 2000 թվականին:
Ժամը 9.30-ին (Երևանի ժամանակով՝ 11:30-ին) Կնեսետում կսկսվի նախկին վարչապետի հրաժեշտի արարողությունը: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան երկրի նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Օտարերկրյա հյուրերի շարքում կլինեն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Նախկին վարչապետի մարմինը հողին կհանձնեն համաձայն պետական ռազմական արարողակարգի, ոչ թե կրոնական:
Նեգևի ճանապարհին թափորը կանգ կառնի Լատրունում, որտեղ կանցկացվի Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հատուկ նիստը: Հուղարկավորման զինվորական արարողությունը կսկսվի ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով՝ 16.00-ին):
85-ամյա Շարոնն ուղեղի կաթվածից հետո 8 տարի գտնվել է կոմայի մեջ: 2005-ի դեկտեմբերին նրան հոսպիտալացրել էին միկրոկաթվածով, սակայն երկու օրից նրան դուրս էին գրել, և նա վերադարձել էր աշխատանքի: 2006-ի հունվարի 4-ին նա կրկին կաթված էր ստացել, որից հետո հայտնվել է կոմայի մեջ ու մինչ օրս գտնվել անգիտակից վիճակում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո:
Նա Իսրայելի կառավարությունը ղեկավարել է 2001-2006 թվականներին: Շարոնը կտրուկ շրջադարձ էր կատարել մերձավորարևելյան խնդրի կարգավորման գործընթացում՝ 2005-ին հայտարարելով Գազայի հատվածից հրեական բնակավայրերի տարհանման մասին:








































