Մենք ողջունել և ողջունում ենք արտահերթ ընտրությունների թեմայով քննարկումներ սկսելու գաղափարը և այդ քննարկումներից է կախված, թե ինչ որոշման կհանգենք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսելու մտադրությանը:
Հարցին, թե ո՞րն է արտահերթ ընտրություններ անցկացնելու ռացիոնալ ժամանակաշրջանը, նա արձագանքեց, որ այդ հարցին անդրադառնալիս չպետք է ելնել այս կամ այն ուժի քաղաքական նկատառումներից, այլ իրական հանգամանքներից:
«Մենք պետք է ունենանք որակապես այնպիսի ընտրություններ, այնպիսի խորհրդարան, որը և՛ ժողովրդի կամքը պետք է արտացոլի, և՛ գործունակ պետք է լինի, և՛ այնպես պետք է հարցը լուծվի, որ այդ խնդրին այլևս չանդրադառնանք»,-ընդգծեց Էնֆիաջյանը:







































