ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պատրաստ է առաջին անգամ այցելել Իրան՝ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Գերագույն ներկայացուցիչն արդեն նշել է, որ մտադիր է այցելել Թեհրան՝ միջուկային ծրագրի հարցում համակողմանի համաձայնության հասնելու աշխատանքներն առաջ տանելու համար»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է մամլո ծառայության ղեկավարը: Նրա խոսքով՝ Քեթրին Էշթոնը «հետաքրքրությամբ է ընդունել ԶԼՄ-ների հաղորդումները՝ Իրան հնարավոր հրավերի այցի մասին»:
Իրանի «Մեհր» տեղեկատվական գործակալությունը, հղում անելով Իրանի ԱԳ ղեկավարի տեղակալ Աբաս Արաղչիին, շաբաթ օրը հայտնել է, որ Էշթոնին հրավիրել են այցելել Իրան:
Ավելի վաղ ԵՄ և Իրանի ԱԳ նախարարների տեղակալներ Հելգա Շմիդը և Աբաս Արաղչին Ժնևում բանակցությունների ժամանակ «առաջընթացի են հասել բոլոր հարցերում՝ կապված ժնևյան համատեղ ծրագրի գործողությունների իրականացման հետ»՝ հաղորդում է մամլո ծառայությունը:









































