«Յուքոմ» ընկերությունը մինչև 2015 թվականը հայ սպառողներին բջջային հեռախոսակապի ծառայություններ չի մատուցի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
«Մենք բջջային ինտերնետ տրամադրելու հաճախություն անցած տարի արդեն ստացել ենք և հայտարարել, որ անլար ինտերնետի ծառայությունը հասանելի կլինի 2015 թվականի հունվարի 1-ից: Իսկ բջջային հեռախոսակապի մասին դեռևս խոսք չկա: Այս ուղղությամբ քայլեր, հնարավոր է, ձեռնարկվեն միայն 2015 թվականից հետո»,- ասաց նա:
Նշենք, որ «Յուքոմ» ընկերության «Երեքը մեկում» ծառայության տեխնոլոգիան վերաբերում է միաժամանակ 3 ծառայության մատուցմանը՝ 1 կապուղու միջոցով: «Երեքը մեկում» ծառայությունը ներառում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: «Յուքոմը» առաջին և դեռևս միակ հայաստանյան ընկերությունն է, որ առաջարկում է «Երեքը մեկում» ծառայությունները օպտիկամանրաթելային լուծման հիման վրա:









































