ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը: Ըստ դրական գնահատականի արժանացած օրենքի նախագծի՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1 տրիլիոն 533,7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 685.3 մլրդ դրամ: Դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 151.6 մլրդ դրամ:
Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2019թ. ընթացքում օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Նշենք, որ 2017թ. սեպտեմբերին մշակված 2018թ. բյուջեն եկամուտների մասով կազմում էր 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թ.-ի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն: 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ:
Կարեն Կարապետյանի կառավարությունը նախատեսում էր 100 մլրդ դրամով ավելացնել բյուջետային եկամուտները հիմնականում հարկային եկամուտների հավաքագրման հաշվին: Այն օրերի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում էր. «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2% աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8%-ի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3% աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5% տնտեսական աճ» (նկատենք, որ դրա նախորդ տարվա բյուջեում էլ ընդամենը 100 մլրդ դրամի աճ էր նախատեսվել):
Փաշինյանի կառավարությունը նախատեսում է նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային եկամուտները ավելացնել ամբողջ 227 մլրդ դրամով, և ինչպես ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ «եկող տարվա բյուջետային նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով առաջացած մի քանի նոր հանգամանքներ, որոնցից առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում:
Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու, որպես կանոն, կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար: Հաջորդը՝ 2019 թ.-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան, կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել այդ արդյունքերին հասնելու համար»:
Ի լրումն նախարարի՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ կառավարությունը նախատեսում է որոշակի փոփոխություններ հարկային օրենսդրության ոլորտում, ինչպես նաև տնտեսության վրա ազդեցություն ունեցող այլ օրենսդրությունների բարեփոխումներ են առաջարկում: Շեշտվել է նաև, որ աշխատանքներ են իրականացվելու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք կհանգեցնեն ծախսային արդյունավետության, ինչն էլ իր հերթին դրականորեն կազդի 2019 թ. բյուջեի վրա:
2018 և 2019թթ.. բյուջեների նախագծերի տրամաբանությունների դիտարկում-համեմատումից պարզ է դառնում մեկ հանգամանք. 2018թ. բյուջեն ընդունելիս Կարեն Կարապետյանի կառավարությունը հենվում էր մեկ պարզագույն իրողության վրա. կա տնտեսական աճ, կա հարկային եկամուտների աճ, 100 մլրդ դրամով ավելացնենք գալիք տարվա բյուջետային եկամուտները:
2019թ. բյուջեն ընդունելիս, ինչպես արդեն նշվեց, անցած տարվա համեմատությամբ ավելի քան 2.3 անգամվա աճ է նախատեսվում, ինչի հիմքն ու հիմնավորումը բազմավեկտր է. տնտեսական աճ, հարկաբյուջետային կանոնների փոփոխություններ, հարկային և հարակից այլ օրենսդրությունների բարելավում, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: Նույնն է թե՝ հարցերի մոտեցման, լուծման նոր փիլիսոփայություն:








































