Կիևի դատախազությունը լիազորությունները չարաշահելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ ծեծի է ենթարկվել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն` հաղորդում RIA Novosti-ն:
Հաղորդագրության համաձայն` հետաքննության շրջանակներում դատախազության քննիչները կպարզեն դատարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ պատկերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի շրջանային դատարանի մոտ, որտեղ կայացվում էր, այսպես կոչված, «վասիլյան ահաբեկիչների» գործով դատավճիռը, «Բերկուտի» հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի խորհրդարանի երկու պատգամավոր, ինչպես նաև ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:
Լուցենկոյի կնոջ խոսքերով` իր ամուսինը կանգնել է ցուցարարների և հատուկջոկատայինների միջև արյունահեղություն թույլ չտալու համար, սակայն ուժայինները սկսել են հարվածել նրա գլխին, ինչի հետևանքով Լուցենկոն ընկել է և կորցրել գիտակցությունը:








































