2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տևական ընդմիջումից հետո նորից Հայաստանում է: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, ինչպես և նախկինում, հիմա ևս կարծում է, որ Մարտի 1-ի գործով ոչ մի բացահայտում չի լինի՝ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի: «Ո՛չ Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած օրինագիծը, ո՛չ Նիկոլ Փաշինյանի առաջարկած փոխհատուցման հարցը խորհրդարան չի մտել, ոչ մի հույս էլ, այս իշխանությունների հետ կապված, չկա»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը կորցրել է նաև Հայաստանի դատական ատյանների նկատմամբ հավատը և հուսով է, որ Եվրադատարանը արդար վճիռ կկայացնի, ու իրենք կստանան իրենց հասանելիք փոխհատուցումը․ «Վստահ եմ, որ Եվրադատարանում հաջողության կհասնենք, այստեղ երեք ատյաններն էլ անցել ենք, երեքն էլ մեզ մերժել են: Հիմա արդեն չորրորդ տարին է՝ մեր գործերը գտնվում են Եվրադատարանում, առայժմ միայն Սասուն Միքայելյանի գործն է լսվել, շուտով մերն էլ կլսվի, չգիտեմ, մեծ հույս ունեմ, որ դատը կշահենք»:
Սարգիս Քլոյանն անդրադարձավ նաև վերջերս մամուլի այն հրապարակումներին, թե ով է Մարտի 1-ի համար պատասխանատու՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, և վերջինիս քաղաքականություն վերադառնալուն: «Առաջին մեղավորը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն է, հետո այդպես շարունակ՝ ո՛չ մեկը, ո՛չ երկուսը, մի 20-30 մեղավորներ կան, այդ երկուսով չէ միայն: Մենք ցանկություն ունենք, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, և մեղավորները կանգնեն ադարադատության առաջ, ուրիշ ոչ մի բան, Հայաստանին նման նախագահներ պետք չեն»,- եզրափակեց նա:











































