«ՀՀԿ խմբակցությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը քննարկման առարկա չի դարձել, չկա կայացված որոշում, ուստի խոսել որևէ տեսակետի մասին, հնարավոր չէ»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ես կարող եմ ներկայացնել իմ կարծիքը, ըստ որի` դատելով ՀՀ պետական շահերից, նման քաղաքական կնճիռների հանգուցալուծումը ոչ ստանդարտ իրավիճակներում ցանկալի է, որ կայացվեն քաղաքական բանակցությունների և համաձայնության արդյունքում: Սա ինքնին կարևոր է ապագա քաղաքական զարգացումների, միտումների տեսանկյունից: Այսինքն` որոշումների կայացման մեթոդոլոգիայի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ նման որոշում կայացվի կառուցողական բանակցային եղանակով»,-ասաց նա:
Ֆարմանյանի խոսքով` երկրորդ էական հանգամանքը վերաբերում է նրան, որ այդ բանակցային գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները ցանկալի է, որ առաջնորդվեն ընդհանուր պետական շահերով՝ զերծ մնալով նույնիսկ կուսակցական կամ ննեղ խմբակային շահերից. «Որովհետև պահը, ստեղծված իրավիճակը նման մոտեցում է պահանջում հիմնական քաղաքական դերակատարներից»:
Դիտարկմանը, որ եթե ՀՀԿ-ն ընդառաջ չգնա արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներին, հնարավոր է տեղի ունենա փողոցի ճնշումը ՀՀԿ-ի վրա, Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Արդեն ասացի, որ այդ հարցը քննարկման առարկա չի դարձել: Դուք որտեղից որոշեցինք, որ ՀՀԿ խմբակցությունը կամ կուսակցությունը նման որոշում են կայացրել»:
Հիշեցմանը, որ շատ ՀՀԿ-ականներ հայտարարել են, որ ԱԺ-ն լուծարելու հիմք չեն տեսնում, նա նշեց. «Քանի դեռ այդ հարցը չի քննարկվել, մեզնից յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր անձնական կարծիքը, ինչպես ես եմ դա անում հիմա»:







































