Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած» Անուշից (անունը փոխված է), դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Անուշի վարձակալած բնակարանի մոտ, սպասել է նրան: Հանդիպել են, միասին մտել բնակարան:
Դավիթը նախկին մտերմուհուն ասել է, իբր անակնկալ նվեր ունի հանձնելու: Նա աղջկան խնդրել է փակել աչքերը:
Երբ աղջիկը նվերի ակնկալիքով փակել է աչքերը, Դավիթ Թամրազյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է նրա կոկորդը՝ անատոմիական բոլոր հյուսվածքներով, և սպանել:
Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Թամրազյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Ամբաստանյալ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչում, չնայած նախաքննության սկզբում տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ սպանությունը, որպես ծիսակարգ, կատարել են սատանայապաշտները, որոնց կազմակերպության անդամ է եղել նաև Թամրազյանը: Սակայն ինքը՝ Դավիթը, սպանությանը չի մասնակցել:
Այսօր հարցաքննվեց Դավիթի նախկին մտերմուհին՝ Մ.-ն: Վկան նշեց, որ Դավիթին ավելի վաղ է ճանաչել, քան Անուշը, սակայն նրա հետ ինտիմ կապի մեջ է մտել Անուշից հետո:
Մ.-ն նույնպես որպես մատուցողուհի աշխատել է այն հյուրանոցում, որտեղ Դավիթը խոհարար էր: Հետո նույն հյուրանոցում որպես մատուցողուհի աշխատանքի է ընդունվել Անուշը:
Ըստ վկայի՝ Դավիթի հետ ինքն ի սկզբանե շատ մտերիմ է եղել, Դավիթը «կիսվել է» իր հետ, մասնավորապես պատմել է, որ Անուշի հետ ինտիմ կապի մեջ է:
Երբ Դավիթն ինտիմ կապի մեջ է մտել Մ.-ի հետ, Անուշն իմացել է: Նա Դավիթին անվանել է անբարոյականի զավակ…
Երկու կանանց միջև բուռն վիճաբանություն է եղել, որի ժամանակ Մ.-ն Անուշին խփել է մոխրամանով, իսկ Անուշը բռունցքով խփել է Մ.-ի աչքի շրջանին:
Դավիթը ներկա է գտնվել միջադեպին: Ըստ Մ.-ի՝ Դավիթը պարզապես կանգնել է իր համար կռվող երկու կանանց միջև, չի թողել, որ վեճը շատ թեժանա:
Վիրավորված Անուշը սկսել է զանգել իր «հովանավոր» տղամարդկանց, որ գան ու Մ.-ին դաս տան: Այդ ժամանակ Դավիթը Մ.-ին առաջարկել է նույնպես զանգել ու «մարդ կանչել», որ շատ նեղը չընկնի:
Բայց, ըստ Մ.-ի, բանը դրան չի հասել, Անուշը հարվածել է իր աչքին ու հեռացել:
Մ.-ն հայտնեց, թե ինքը գիտեր, որ Անուշը տարբեր օբյեկտներում որպես մատուցողուհի է աշխատել: Իսկ կողքի խոսակցություններից էլ լսել էր, որ նա տարբեր տղամարդկանց հետ հյուրանոց էր գնում: Վկան մեծ դժվարությամբ արտաբերեց «մարմնավաճառ» բառը, ասաց, թե խիստ անհարմար է զգում:
Դեպքի օրը Դավիթ Թամրազյանը, ըստ գործի տվյալների, մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ է ունեցել Մ.-ի հետ: Երբ նա խոսել է աշխատավայրից՝ «Հին Ջրվեժ» ռեստորանից, որտեղ աշխատում էր որպես խոհարարի օգնական, Մ.-ն տարօրինակ ձայն է լսել: Դավիթն ասել է, թե դանակ է սրում: Իսկ կողքից մեկը կատակել է, թե՝ մա՞րդ ես մորթելու…
Սպանությունից հետո Դավիթը զանգել է Մ.-ին, պայմանավորվել, որ նա տաքսիով մոտենա Անուշի շենքին: Մ.-ն տաքսիով մոտեցել է, մոտ երեսուն րոպե մեքենայի մեջ սպասել, մինչև Դավիթը հայտնվել է: Աղջիկը նրա վրայից արյան հոտ է զգացել:
Նրանք տաքսուց իջել են մարզահամերգային համալիրի մոտ: Ցանկացել են գնալ գետնանցումում գտնվող սրճարան, բայց այն փակ է եղել:
Դավիթը հենց գետնանցումում Մ.-ին ցույց է տվել իր հեռախոսի մեջ եղած երկու նկար, որ ինքն էր արել դեպքի վայրում. Անուշի դեմքն ու մարմինն էին: Ըստ վկայի՝ ինքը դրանք տեսնելով՝ սկզբում «զարմացել է»: Դավիթը նկարները ցուցադրելուց հետո ջնջել է:
Հանցագործության մանրամասները Դավիթը Մ.-ին պատմել է, երբ մեկ ուրիշ տաքսիով գնացել ու նստել են «Վոլնա» սրճարանում:
Պատմելուց հետո Դավիթը բացատրել է, թե ինչու է նման բանը պատմում, նկարներով ցուցադրում: Նա ասել է. «Որ իմանաս՝ ես ով եմ, ինչ կյանքով եմ ապրում: Ես լրիվ ուրիշ մարդ եմ»:
Վկան հայտնեց, որ նախկինում էլ Դավիթը պատմել էր, թե հոգիներ է տեսնում, Ամերիկայի հետ կապված ինչ-որ «ԱնտիԽրիստ» կազմակերպության անդամ է, որտեղ մկրտվելու համար մարդու գլխավերևում կապում են ինչ-որ կենդանու, օրինակ՝ այծի, մորթում են: Երբ կենդանու արյունը թափվում է «նորակոչիկի» վրա, նա համարվում է մկրտված ու կազմակերպության լիարժեք անդամ:
Դավիթը վկային ասել է նաև, թե իրենք գիշերները գնում են գերեզմանատները՝ որսի: Այդ ժամերին այնտեղ լինում են թմրանյութի ազդեցության տակ գտնվողներ, որոնց էլ «որսում են»:
Դավիթը Մ.-ին նախազգուշացրել է, որ ոստիկաններն իրենց կասկածելու և հարցաքննելու են Անուշի սպանության գործով: Նա ասել է. «Դրա համար մեր ցուցմունքները պետք է միատեսակ լինեն, համընկնեն իրար»:
Մ.-ն պետք է ապահովեր Դավիթի այլուրեքությունը՝ ալիբին: Նա պետք է ասեր, որ ամբողջ երեկո ինքն ու Դավիթը միասին են եղել, զբոսնել են Մերգելյանի այգում, վերջում գնացել են «Վոլնա» սրճարան: Ոչ մի դեպքում չպիտի ասեր, որ տաքսիով մոտեցել է Անուշի շենքին, սպասել, ու Դավիթը հայտնվել է կես ժամ անց:
Մ.-ն հայտնեց, որ երբ առաջին անգամ իրեն ու Դավիթին ոստիկանություն են հրավիրել, ինքը հենց այդպիսի սուտ ցուցմունք է տվել: Ինքը վախեցել է Դավիթից: Ցանկացել է նրան ցույց տալ, որ պատրաստ է օգնել: Չէ՞ որ ինքը տիրապետում էր ինֆորմացիային, Դավիթն ամեն րոպե կարող էր իր հետ էլ նույն կերպ վարվել: Իսկ երբ Դավիթին կալանքի տակ են առել, իսկ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, հենց այդ ժամանակ է կատարել իր քաղաքացիական պարտքը ու տվել է ճիշտ ցուցմունքներ:
Ըստ Մ.-ի՝ Դավիթը խոստացել էր, որ իրենք կամուսնանան: Բայց դեպքից հետո, մինչև նրա բռնվելը, Դավիթի քրոջ ամուսինը պահանջել է, որ ինքը հեռու մնա Դավիթից: Ինքն էլ ասել է. «Դուք ինձ չեք ճանաչում, չգիտեք իմ մարդ-տեսակը, եկեք հանդիպենք, խոսենք, որ ձեզ համար մութ չմնա»:
Հանդիպման ժամանակ Դավիթի փեսան զգուշացրել է, որ Դավիթն իր հետ չի ամուսնանալու: Ինքն էլ ասել է՝ խնդիր չկա: Փեսան ասել է. «Զգացվում է, որ հասկացող աղջիկ ես, արժեր, որ քեզ հանդիպեցի…»:
Հետաքրքիր է, որ Անուշի նկատմամբ Դավիթի կատարած ոճրագործությունը մանրամասնորեն իմացող Մ.-ն դեռ հույսեր է փայփայել, թե Դավիթի հետ ամուսնանալու է, միայն նրա փեսայի զգուշացումից հետո է ասել՝ խնդիր չկա, ու այդ խոսակցությունից հետո էլ որոշել է կատարել իր քաղաքացիական պարտքը ու ճիշտ ցուցմունքներ տալ՝ Դավիթի իրական դեմքը բացահայտելով:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը հարցրեց. «Կարո՞ղ էր Անուշը այնպիսի փաստեր ներկայացնել Դավիթին, որ Դավիթն այլևս չցանկանար ձեզ հետ ամուսնանալ»:
Վկա Մ.-ն պատասխանեց. «Ես էնքան մաքուր ու ճիշտ եմ ապրել, որ ոչ ոք չէր կարող իմ ամուսնությանը խոչընդոտող փաստ ներկայացնել»:
Վկայի ցուցմունքի ընթացքում Դավիթը մի քանի անգամ հայտարարեց, թե նա սուտ է ասում: Նախկին մտերիմների միջև սառը անվստահություն էր առաջացել, չնայած Մ.-ի ցուցմունքով չէ, որ Դավիթին բռնել են:
Առաջինը Դավիթն ինքն է ինքնախոստովանական ցուցմունք տվել: Բայց Մ.-ի ցուցմունքներն առանցքային են մեղադրանքի համար, կան նաև տաքսիստները. մեկը վկայություն է տվել, որ Դավիթին «Հին Ջրվեժի» մոտից հասցրել է Անուշի շենքի մոտ, իսկ մյուսը վկայել է, որ Մ.-ին տաքսիով տարել է Անուշի շենքի հարևանությամբ գտնվող դպրոցի մոտ, ու այնտեղ Դավիթին սպասել են մոտ կես ժամ…
Վկա Մ.-ի հարցաքննությունից հետո նախագահողը դատական նիստն ընդմիջեց, որովհետև մեղադրող Սարգսյանը հայտարարեց, թե ուժեղ գլխացավ ունի, այլևս նստել չի կարողանում: Նա հրաժարվեց պաշտպան Բաղդասարյանի առաջարկած գլխացավի դեղից, իսկ նախագահողը նիստից դուրս կատակեց. «Դատախազները պաշտպանների տված դեղերով չեն բուժվում…»:









































