РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին կոչ է արել փոխզիջման գնալ ուրբաթ օրը Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, Օբաման հատուկ հինգշաբթի օրն է զանգահարել Ալիևին ու Սարգսյանին, որպեսզի նրանց կոչ անի ուղիներ փնտրել 17 տարի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նախագահը երկու երկրների ղեկավարներին կոչ է արել Կազանում ավարտին հասցնել փոխհամաձայնեցումը և ստորագրել հիմնարար փաստաթուղթ։ Այն բանից հետո, ինչ այդ հիմնարար սկզբունքները կհամաձայնեցվեն, կողմերը կարող են բանակցություններ ձեռնարկել հակամարտության վերջնական կարգավորման համար, ինչը տեղի կունենա ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման և մարդկանց ինքնորոշման հավասար իրավունքների վրա։
Նախագահ Օբաման նրանց հայտարարել է, որ եկել է ժամանակը հակամարտության կարգավորման և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մարդկանց ու նրանց երեխաներին լավ ապագա ունենալու հույսեր պարգևելու համար։ ԱՄՆ-ը տարածաշրջանային անվտանգության ամրագրման հարցում կշարունակի աջակցել երկու կողմին էլ, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներին»։









































