Քրեագետ Սերգեյ Գալոյանի հավաստմամբ՝ մեր արդարադատության համակարգում լուրջ բացթողումներ կան: Որպես օրինակ՝ նա առանձնացնում է Բանդայի դատավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով դատավարությունից՝ Սերգեյ Գալոյանը նշեց, որ գործը վարող դատավոր Պապոյանն ուղղակի մեղք է, քանի որ դատավարությունը ոտքից գլուխ շինծու է:
«Ի սկզբանե գործի նախաքննությունը սխալ է կատարվել, ես չորրորդ դատավարությունից հասկացա, որ այդ տղաներն անմեղ են, անգամ տուժողները չեն գալիս դատարան: Տուժող Էդվարդ Բեզոյանն անգամ թերթերից մեկին ասել էր, որ ինքը չի հավատում, թե իր տունն այդ մարդիկ են թալանել»,- ասաց նա:
Բանախոսն անդրադաձավ նաև Ալեքսանդր Բաշբեուկ-Մելիքյանի կտավների գողությանը՝ նշելով, որ նրա ավագ աղջկա բնակարանից գողացվել է 39 կտավից 21-ը, որոնցից ամենաէժանը 2003 թվականին գնահատվել է 38 հազար ԱՄՆ դոլար, ամենաթանկը՝ 240 հազար:
Բանախոսի փոխանցմամբ՝ գողը Հրայր Վանյան անունով մեկն է:
Նա անդրադարձավ նաև հայաստանյան քրեական աշխարհին՝ վստահեցնելով, որ մեզանում մաֆիա չկա, այստեղ որևէ «օրենքով գող» չի ապրում. «Դրսում մենք ունենք 60-ից ավելի օրենքով գող, սակայն նրանցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում»:









































