Ցանկացած սթրես՝ դրական, թե բացասական, իրավիճակի հետևանք է: Այսօր հետտոնական սթրեսների հաղթահարման թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
«Սթրեսի հաղթահարումը կախված է անձի անհատական որակներից, կամային հատկանիշներից և ադապտացիայի աստիճանից: Միաժամանակ հատկանշական է, որ նախատոնական և հետտոնական սթրեսն առավել դժվար են հաղթահարում կանայք՝ կապված սեղանների առատության և ոչ ոքին չզիջելու մղման հետ»,- ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ մենք՝ հայերս, պետք է սովորենք ուրախանալ ու ապրել տոներով: «Մենք պետք է տոնի հրաշքի սպասենք, ոչ թե տարվենք բացառապես ուտելով»,- ասաց Աննա Բադալյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ նյարդաբան-քնաբան Սամսոն Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ տոների ժամանակ քնի և կենցաղի բնականոն ռեժիմի կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել սթրեսային իրավիճակների:
«Ալկոհոլը, սննդակարգի ու քնի ռեժիմի խանգարումը պահանջում են «վճարել»: Ըստ այդմ, աշխատանքի վերադառնալիս մարդիկ չեն կարողանում լրիվ թափով դրսևորվել: Միաժամանակ բնականոն ռեժիմին կտրուկ անցումները ևս կարող են բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա»,- նշեց նա:
Դիետոլոգ, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էլ նշեց, որ տոնական օրերին հայերը զբաղված են բացառապես ուտելով: «Իսկ կալորիական սնունդ ընդունելը օրգանիզմում խթանում է սթրեսածին հորմոնների արտադրությունը: Սա՝ այսպես, թե այնպես, բերում է տրամադրության անկման»,- ասաց նա:
Դիետոլոգը նկատեց, որ Նոր տարվանից հետո իրեն բավական թվով մարդիկ են դիմել՝ խնդրելով վերականգնել նախկին քաշը:








































