Արևմտյան Վիրջինիայի նահանգապետը հինգշաբթի հայտարարել է արտակարգ դրություն նահանգի 5 շրջաններում՝ գետում վտանգավոր նյութերի արտահոսքից հետո: Հենց այդ գետից էլ իրականացվում է խմելու ջրի ջրառը: Այս մասին հայտնում է տեղի WSAZ հեռուստաալիքը:
Նահանգապետ Էրլ Ռեյ Տոմբլինի հայտարարության մեջ ասվում է, որ քիմիկատների (4-Methylcyclohexane Methanol) արտահոսքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Չարլսթոն քաղաքի Freedom Industries ձեռնարկությունում: Վտանգավոր նյութերը հայտնվել են Էլկ գետում:
Աղտոտման վերացման աշխատանքների ժամանակ նահանգի 5 շրջանների բնակիչներին արգելվել է օգտվել ծորակի ջրից սննդի պատրաստման և լվացվելու համար: Նշվում է, որ ջուրը եռացնելը չի ոչնչացնում նյութերը, որոնք չեն սպառնում մարդու կյանքին, սակայն վտանգավոր են առողջության համար:
Թույլատրվում է ջուր կիրառել միայն տեխնիկական կարիքների համար: Արգելքը վերաբերում է մոտ 100 հազար մարդու, ովքեր օգտվում են տեղի ջրամատակարարող West Virginia American Water ընկերության ծառայություններից:









































