Արդեն մի քանի օր է՝ մամուլում և սոցիալական կայքերում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը: Հիշեցնենք, որ Քոչարյանն այդ հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ասելով, թե նա «բանականության դեգրադացիա է ապրել»:
Բացի այն ամենից, ինչ այս օրերին հնչեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ, քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի վասալացման գործընթացին զուգահեռ՝ ներքաղաքական պայքարը կկարծրանա. «Կձևավորվեն նոր խմբեր, ովքեր իրենց հնարավորությունները կդիտարկեն իշխանության և բիզնեսի հարցում հաջողության հասնելու համար՝ Ռուսաստանին իրենց լոյալությունը ցույց տալու ճանապարհով: Կասկած չկա, որ երկու խմբավորումների՝ իշխանական և ոչ իշխանական պրոռուսական ուժերի միջև «տուրուդմփոցը» կսրվի, և դրան կմիանան նաև նոր խմբավորումներ և առանձին անհատներ, ովքեր ազգային կերակրատաշտին կձգտեն»:
Մուրադյանը հավելեց, որ լավ կլինի արդարացի և ճշգրիտ վերլուծել, թե ինչով է տարբերվում Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականությունը Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունից․ «Երկու դեպքում էլ Հայաստանն այդպես էլ ռազմավարական ներդրումներ չունեցավ: Երկու թիմերն էլ «մաքուր խղճով» դա փորձում են ներկայացնել որպես իշխանություններից բացարձակապես անկախ երևույթ: Չկա ռազմավարական ներդրում, ի՞նչ կապ ունի այստեղ կառավարությունը: Այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան հասարակությունը միանգամայն ընդունում է այդ դիրքորոշումը, որը կարծես թե արդարացում է դարձել խնդրի իրենց չհասկացողության և այն լուծելու անկարողության համար: Պետք է հասկանալ, որ Հայաստանի ցանկացած զարգացում՝ անկախ այդ զարգացման բովանդակությունից, բերում է իշխանության կողմից երկրի ղեկավարման կորստի»:
Ըստ նրա՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների որոշ զարգացումներ արդեն դարձել են սոցիալ-քաղաքական խնդիր, «որովհետև նոր քաղաքական մտքերի սոցիալական բազա է ստեղծված»:
Քաղտեխնոլոգի խոսքերով՝ սոցիալական հավակնություններն աստիճանաբար վերածվում են քաղաքական պահանջների: «Ի՞նչը կարող է քրեաօլիգարխիկ խմբավորումների համար ավելի վտանգավոր լինել: Պետք է նաև ընդգծել, որ իրար հետ մրցակցող խմբավորումները ունակ չեն հրապարակային քննարկման: Դրան նրանք պատրաստ չեն և հարաբերությունների այդպիսի ձևաչափ չեն ցանկանում: Դա աղանդավորական հոգեբանություն է և հայերին շատ հատուկ է»,- եզրափակեց Իգոր Մուրադյանը:











































