Հունաստանը ճգնաժամը թողել է հետևում՝ հայտարարել է վարչապետ Ատոնիս Սամարասը Եվրահանձնաժողովի ղեկավար ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումից հետո:
Սամարասը նշել է, որ ԵՄ-ում հունական նախագահությունը կձգտի տնտեսության և զբաղվածության աճի, եվրոգոտու ուժեղացման, միգրացիոն, ինչպես նաև ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա հայտարարել է, որ Հունաստանի կառավարությունը աշխատում է կայուն և կմնա կայուն մինչ 2016 թվականը, երբ երկրում անցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները: Հունաստանն այս տարի սկսում է կառուցվածքային բարեփոխումների իրականացում: Սկսվել է գործազրկության կրճատումը, ներդրումների ներգրավումը՝ նշել է վարչապետը:
Իր հերթին, Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ ԵՄ նախագահությունն անցնում է «փորձառու օդաչուի». Հունաստանը 5-րդ անգամ է գլխավորում ԵՄ խորհուրդը:
Բառոզուն հիշեցրել է, որ վերջերս քննարկվում էին եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու սցենարները, սակայն, նրա խոսքով, այն, որ Հունաստանը մնում է ԵՄ-ի և եվրոգոտի լիարժեք անդամ, ցույց է տալիս, որ այդ կանխատեսումները ճիշտ չէին: Բառոզուի խոսքով՝ 2013-ը շրջադարձային է դարձել եվրոպական տնտեսության համար, դարձել է փոփոխությունների տարի եվրոպական տնտեսության ընկալման հարցում: «Եվրոյի ճգնաժամն արդեն հետևում է»,-ասել է նա:
Բառոզուն հույս է հայտնել, որ այս տարի Հունաստանը դուրս կգա ռեցեսիայից, կհասնի բյուջեի առաջին ավելցուկին և կգրավի միջազգային ներդրողների հետաքրքրությունը: «Մենք կարող ենք ասել հույներին, որ Ձեր զոհողություններն ու ջանքերը ավելի լավ ապագա են բացում»,- ասել է Բառոզուն:










































