Արիզոնա նահանգից ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Գաբրիել Գիֆորդսն իր դեմ իրականացված մահափորձի 3-րդ տարելիցը նշել է պարաշյուտային ցատկով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Պարաշյուտով Գիֆորդսը ցատկել է մահափորձից հետո առաջին անգամ: Մահափորձը կատարվել էր 2011 թվականի հունվարի 8-ին: Մինչ այդ Գիֆորդսը մի քանի անգամ ցատկել էր պարաշյուտով:
Ցատկը Գիֆորդսն իրականացրել է Արիզոնայի հարավային հատվածում իր ընկերոջ՝ նախկին ծովահետևակային Ջիմի Հեթչի հետ:
Նա սոցցանցերից մեկի իր օգտահաշվով հրավիրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին՝ միանալու իր հաջորդ ցատկին: Դեռևս հայտնի չէ՝ Բայդենն ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ:
Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Գաբրիել Գիֆորդսի վրա հարձակումը կատարվել էր Տուսոն քաղաքում՝ տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ջարեդ Լի Լոֆների կողմից արձակված կրակը 6 մարդու կյանք էր խլել: Եվս 14-ը, ներառյալ Գիֆորդսը, վնասվածքներ էին ստացել: Կոնգրեսականը գլխին ծանր վնասվածք էր ստացել, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:
2011-ի օգոստոսին նա կարողացել էր վերադառնալ կոնգերսականի պարտականությունների կատարմանը, սակայն 2012-ի հունվարին ստիպված է եղել լքել պաշտոնը բուժումը շարունակելու համար:
2012-ի նոյեմբերին Ջարեդ Լի Լոֆները դատապարտվել է 7 ցմահ ժամկետի և հավելյալ 140 տարվա բանտարկության:













































