2013թ. սեպտեմբերին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Կրիս Կրիստիի համախոհները կարգադրել են չորս օրով փակել Ջորջ Վաշինգտոն կամրջի մի մասը, որն այս նահանգը կապում է Նյու Յորքի հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնց տրամադրության տակ է հայտնվել Կրիստիի վարչակազմի անդամների նամակագրությունը:
Հայտարարվել էր, որ կամուրջը փակվում է չնախատեսված վերանորոգման աշխատանքների համար, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ այս կերպ նահանգապետի կողմնակիցները որոշել են վրեժ լուծել Ֆորտ-Լի քաղաքապետ Մարկ Սոկոլիչից, ով որոշել էր չաջակցել Կրիստիին ընտրություններում:
Կամրջի փակելը առաջացրել էր մեծ խցանումներ և Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հարյուր հազարավոր բնակիչների զայրույթը: Որպես ապացույց՝ ԶԼՄ-ները հրապարակել են նահանգապետի օգնական Բրիջեթ-Էն Քելիի նամակը՝ ուղղված Նյու Յորքի և Նյու Ջերսիի տրանսպորտային վարչության ղեկավարներից մեկին: Նամակում ասվում է, որ ժամանակն է տրանսպորտային խնդիրներ ստեղծել Ֆորտ-Լիում: Վարչության ներկայացուցիչն ի պատասխան գրել է՝ «Հասկացա»:
Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հրապարակել են նամակագրությունը, նահանգապետը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի նախատեսված միջոցառումները, իսկ ավելի ուշ հաղորդել է, որ տեղյակ չի եղել իր հպատակների գործողություններից:
Ջորջ Վաշինգտոնի կամուրջն աշխարհի ամենամեծ կախովի կամուրջներից է: Այն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում ավտոտրանսպորտի երթևեկության շարքերի թվով:










































