Այս տարի բուհերում ուսանողների թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Բուհերում թափուր մնացած տեղերի թիվը բավական շատ է։ Բուհերը կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Ուսանողների թվի կրճատումն իր հերթին հանգեցնում է բուհերի ֆինանսական վիճակի վատացման։
Բուհերի ղեկավարները բազմիցս հայտարարություններ արել են այն մասին, որ ակնկալում են պետական աջակցություն ֆինանսական ծանր դրությունը հաղթահարելու համար։ Ուսանողների թվի կրճատումն առաջին հերթին կապվում է բնակչության թվի նվազման, այլ կերպ ասած՝ արտագաղթի հետ։
2018 թվականին Հայաստանում բոլոր բուհերի դիմորդների թիվը եղել է 4620, որի 32․88 տոկոսն ընդունվել է Երևանի պետական համալսարան։ Մայր բուհի ընդունված ուսանողների թիվն այս տարի երկու փուլերի արդյունքով կազմել է 1510՝ առկա համակարգի բակալավրիատում։ Որպեսզի ավելի ակնառու լինի բուհում տարեցտարի ուսանողների թվի նվազման տենդենցը, կներկայացնենք 2011 թվականից բուհի առկա համակարգ ընդունված ուսանողների թիվը։ Եվ այսպես՝ 2011 թվականին մայր բուհ ընդունվողների թիվը կազմել է 2230, 2012-ին՝ 5040, 2013-ին՝ 4845, 2014-ին՝ 4529, 2015-ին՝ 3752, 2016-ին՝ 2982, 2017-ին՝ 2602 ուսանող։
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այս տարի ընդունվողների թիվը կազմել է 1147 ուսանող՝ 540-ը բակալավրիատ, 600-ը՝ մագիստրատուրա։
Իսկ, օրինակ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում այս տարվա առկա համակարգ ընդունվողների թիվը կազմել է 400 ուսանող, իսկ մագիստրատուրա՝ 302 ուսանող։ Համալսարանից մեզ տեղեկացրին, որ ևս 12 դիմորդ ընդունել են Սփյուռքից։ Համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղարի տեղեկացմամբ՝ նախորդ տարիների համեմատ ուսանողների թվի նվազեցում է տեղի ունեցել։ Նախորդ տարվա համեմատ այս տարի տնտեսագիտական համալսարան ընդունվողների թիվը կրկնակի ավելի նվազել է։ Անցած տարի համալսարան ընդունվել է 858 հոգի, իսկ մագիստրատուրա՝ 410 դիմորդ։
Ոչ պակաս կարևոր խնդիր է ուսման վարձավճարների հարցը։ Ուսանողներից շատերը նույնիսկ ի վիճակի չեն վարձը վճարել, որը վերջին տարիներին բավական բարձրացել է։ Դա էլ իր հերթին հանգեցնում է բուհերում ֆինանսական լուրջ խնդիրների առաջացմանը։
Օրինակ՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առկա համակարգում սովորելն արժե 870 հազար դրամ, իսկ հեռական՝ 696 հազար դրամ։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առկա համակարգի վարձավճարը 650 հազար դրամ է, հեռական՝ 520։ Փիլիսոփայության և հոգեբանություն ֆակուլտետի առկա համակարգում սովորելն արժե 540 հազար դրամ, հեռական՝ 432: Հայ բանասիրության հայոց լեզու և գրականություն, ժուռնալիստիկա և ռուս բանասիրություն ֆակուլտետներում՝ 400- 430 հազար դրամ։ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում վարձը, կախված ընտրած բաժնից, տատանվում է 500-600 հազար դրամի սահմանում։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում վարձի չափը 600-650 հազար դրամի սահմանում է տատանվում՝ կախված կոնկրետ բաժնից։
Հայաստանի ագրարային համալսարանում բակալավր կրթական ծրագրի առկա համակարգում վարձավճարները տատանվում են 400-550 հազար դրամի սահմանում, հեռակայում՝ 330-440 հազար դրամ, մագիստրատուրա՝ առկա համակարգում 380-420 հազար դրամ, հեռական՝ 340- 400 հազար դրամ։
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ուսման վարձավճարները, ըստ ֆակուլտետների, սկսում է 260 հազար դրամից՝ առավելագույնը հասնելով 445 հազար դրամի։ Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ֆակուլտետների ուսման վարձը 260 հազար դրամ է, պատմություն, հասարակագիտություն ֆակուլտետների ուսման վարձը՝ 315 հազար դրամ, լրագրությանը՝ 340 հազար դրամ, տարրական մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետի ուսման վարձը՝ 445 հազար դրամ և այլն։







































