Չորեքշաբթի Աթենքում տեղի է ունեցել Եվրամիությունում Հունաստանի նախագահության բացմանը նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, միջոցառմանը ներկա են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ լիազորված հանձնակատարների կոլեգիան: Ելույթ է ունեցել նաև Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը:
Հունաստանը կես տարով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահության պարտականությունները: Հունաստանի նախագահության տարբերանշանը նավակ է, որը կուղեկցի ԵՄ բոլոր պաշտոնական միջոցառումները 2014թ. առաջին կեսին:
Բարոզուն իր ելույթում նշել է Հունաստանի հաջողությունը ճգնաժամի դեմ պայքարում: Նրա խոսքերով՝ Հունաստանը կարողացավ անցնել ճգնաժամի ծանր ժամանակաշրջանը՝ շնորհիվ ԵՄ աջակցության:
«Եվրոպական հանձնաժողովը միշտ կանգնած է եղել Հունաստանի կառավարության և ժողովրդի կողքին: Ես միշտ ասել եմ, որ Հունաստանի հաջողությունը ԵՄ հաջողությունն է»,- ասել է Բարոզուն և հավելել, որ իրենք ճիշտ ուղու վրա են, սակայն ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն իր հերթին նշել է, որ Հունաստանի նախագահության առաջնային նպատակները արտացոլում են եվրոպական ընդհանուր արժեքները՝ աշխատանք, աճող տնտեսություն, ուժեղ եվրո, անվտանգության ընդհանուր սահմաններ:
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն իր հերթին հիշեցրել է, որ մինչև անցած տարի շատերը կանխագուշակում էին, որ Հունաստանը չի կարող մնալ եվրոգոտում: Նրա խոսքերով՝ Եվրոպան հասավ այն բանին, ինչը շատերին անհավանական էր թվում՝ մնաց միասնական:









































