Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն ակնհայտորեն անհանգստացնում են Արևմուտքին: Եվրամիությունն արդեն իսկ իր մտահոգությունն է արտահայտել մեկ օրում ավելի քան 300 ոստիկանի աշխատանքից հեռացնելու փաստի կապակցությամբ, որ տեղի էր ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի որոշմամբ` ի պատասխան հայտնի կոռուպցիոն բացահայտումների, որը Էրդողանը որակել էր երկրում ոստիկանական հեղաշրջման փորձ:
Ոստիկանությունում Էրդողանի իրականացրած կադրային ջարդին ի պատասխան Եվրամիության մտահոգությանը զուգահեռ` բրիտանական «Թայմս» պարբերականում լույս տեսած խմբագրականը, անդրադառնալով Թուրքիայի դեպքերին, նշում է, որ Էրդողանին պետք է հուշել Թուրքիայի «պուտինացման» ճանապարհի վտանգավորության մասին: Թուրքիայում իսկապես հետաքրքրական իրադարձություններ են տեղի ունենում, ինչն անկասկած չի կարող անտարբեր թողնել նաև Հայաստանին: Առավել ևս, որ իրավիճակը շատ է հիշեցնում 20-րդ դարասկիզբը:
Արևմուտքի արտահայտվող մտահոգությունները վկայում են, որ ռուս-թուրքական դաշինքի հեռանկարները միանգամայն իրատեսական են: Իսկ Հայաստանը 20-րդ դարասկզբին արդեն մի անգամ եղել է այդ դաշինքի զոհը: Ռուսաստանն արդեն մի անգամ գայթակղել է Թուրքիային հայկականով, Թուրքիայի բոլշևիկացման, կարմրացման համար նրան հյուրասիրել հայկական խայծ: Արդյունքում Թուրքիան խայծը կուլ է տվել, սակայն կարթը չի թողել կոկորդում և անմիջապես կարողացել է շրջվել դեպի Արևմուտք ու մարսել հայությանը: Եվ կասկած չկա, որ այս անգամ էլ Անկարան կփորձի կրկնել նույն այդ մանևրը:
Համենայնդեպս, առ այսօր ամեն ինչ ընթանում է հենց այդ ճանապարհով: Եթե ոմանք կարծում են, որ այլ ճանապարհով է ընթանում Ռուսաստանի իշխանությունը, քան բոլշևիկյան Ռուսաստանը Լենինի գլխավորությամբ, ապա չարաչար սխալվում են: Եվ այս իրավիճակում Հայաստանը վերստին հայտնվում է այն վտանգավոր իրավիճակում, որը մեկ դար առաջ արդեն իսկ հանգեցրել էր հայության ցեղասպանության: Այլ կերպ ասած` մեր շուրջն իրադարձությունները զարգանում են նույն ցեղասպանության տանող տրամաբանությամբ, և այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները երկիրն ըստ էության հանձնել են, այսպես ասած, ալիքներին, ինչը այլ բան չի նշանակում, քան դատապարտել ժողովրդին հերթական ցեղասպանության:
Թե ինչ ձև կունենա այդ ողբերգությունն այս անգամ` ցույց կտա ժամանակը, ի վերջո աշխարհը փոխվել է բավականաչափ, և շատ երևույթներ ստացել են նոր դրսևորումներ: Սակայն դրանից, իհարկե, ողբերգության հետևանքների ծանրությունը չի նվազելու: Հետևանքներից խուսափել հնարավոր է միմիայն պետության ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնելու փոխարեն սեփական ձեռքը վերցնելով, որն այս իշխանություններն ակնհայտորեն ունակ չեն անելու: Եվ եթե հասարակությունն իր մեջ չգտնի պետության ճակատագիրն իր ձեռքը վերցնելու տարբերակները, ապա կմնա միայն հուսալ, որ իրադարձությունների զարգացումն ինչ-որ «իքս» պահի չի շարունակվի այնպես, ինչպես մեկ դար առաջ, և ռուս-թուրքական դաշինքը այս անգամ չի հասնի իր կուլմինացիային` ավարտվելով հայոց պատմության ողբերգական նոր էջով:










































