Հնդկաստանի իշխանությունները երկրում ԱՄՆ դեսպանատանը զգուշացրել են մինչև հունվարի 16-ն ավարտել կոմերցիոն գործունեությունը, որն անհամատեղելի է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ: Արգելքը վերաբերում է դիվանագիտական առաքելության տարածքում տեղակայված ակումբին, որտեղ նախկինում վճարովի հիմունքներով թույլատրվում էր կողմնակի անձանց մուտքը, հաղորդում է NDTV-ն:
Agence France-Presse-ի տվյալներով՝ խոսքը սպորտային-ժամանցային կենտրոնի մասին է, որտեղ լողավազան, ֆիթնես-սրահ, բոուլինգ, ինչպես նաև բար ու ռեստորան կա և ցածր գներով ներկրված ալկոհոլային խմիչքներ են առաջարկվում:
Դրանից բացի, հնդկական իշխանությունները որոշել են ամերիկացի դիվանագետներին զրկել երթևեկության խախտումների համար տուգանքներ չվճարելու արտոնությունից:
Ամերիկյան դիվանագետների հանդեպ հնդկական իշխանությունների կողմից ճնշումները սկսվել են 2013 թ. դեկտեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ Նյու Յորքում ձերբակալվել էր Հնդկաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Դևիանի Կխոբրիգադեն:












































