Եվրամիությունն անհանգստացած է Թուրքիայի ոստիկանական համակարգում լայնածավալ զտումների կապակցությամբ և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների (այդ թվում իշխանությունների կողմից) մասին բոլոր հայտարարությունները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Բայը:
«Մեծ թվով ոստիկաններին աշխատանքից հեռացնելը, որի կուլմինացիան դարձավ երկուշաբթի երեկոյան Անկարայում 250 ոստիկաններին պաշտոնանկ անելը, լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք թեկնածու երկրից՝ Թուրքիայից պահանջում ենք պահպանել ԵՄ-ին անդամակցելու չափանիշների կատարման պարտականությունը և անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ ղեկավարների կողմից խախտումների մասին, հետաքննվեն առանց խտրականության և անկողմնակալ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանությունները, կոռուպցիոն սկանդալի հետ կապված, աշխատանքից հեռացրել են նաև 16 մարզերի ոստիկանական վարչությունների ղեկավարներին:








































