«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) ծայրահեղ իսլամիստական խմբավորումն իր անդամներին կոչ է արել ոչնչացնել սիրիացի մյուս ապստամբներին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, խմբավորումը նման կոչով ուղերձ է հղել հունվարի 7-ին:
Ուղերձում ISIL-ի ներկայացուցիչ Աբու Մուհամադ Ալ-Ադնանին հայտարարել է, որ խմբավորման անդամները սիրիացի մյուս ապստամբներին համարում են «օրինական թիրախ»՝ հարվածելու համար: Նրա խոսքերով՝ Սիրիայի ազգային կոալիցիան պատերազմ է հայտարարել ISIL-ին: Այս պատճառով խմբավորման անդամները կհետապնդեն կոալիցիայի բոլոր մասնակիցներին՝ բացառությամբ նրանց, ովքեր հրապարակավ կհայտարարեն դրանից դուրս գալու և ISIL-ին անդամակցելու մասին:
ISIL-ի անդամները առանց բացառության պետք է ոչնչացնեն բոլոր ապստամբներին, ովքեր կռվում են իրենց դեմ: Ուղերձում նշվում է, որ դա կլինի օրինակ նրանց համար, ովքեր կորոշեն շարժվել այդ ուղով:









































