Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան է ժամանել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպելու համար:
Ինչպես նկատում է BBC-ն, Ադրբեջանն այն քիչ մահմեդական երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և վաղուց իսրայելական զենք է գնում: Փորձագետները կարծում են, որ այս այցը ևս կապված է նման համագործակցության հերթական փուլի հետ:
Իսրայելցի նախարարը սեպտեմբերի 12-ին և 13-ին այցելել է նաև Վրաստան, որտեղից էլ մեկնել է Ադրբեջան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու պաշտոնական պետական գործակալությունը դեռևս մանրամասներ չեն ներկայացրել հանդիպումից:
«Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքն արդարացրել է իրեն և նախկինում: Ինչպես, օրինակ, 2016-ին Ադրբեջանը կիրառել է ժամանակակից իսրայելական անօդաչուներ, որոնք հայկական կողմին դժվարությունների առաջ էին կանգնեցրել»,- ասել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Նրա խոսքով՝ իրենց արդարացրել են Spike հակատանկային հրթիռները: Փորձագետի կարծիքով՝ Լիբերմանի այցի ժամանակ նոր որոշումներ կընդունվեն զենքի հարցով, սակայն թե դա ինչ որոշում կլինի, հնարավոր կլինի իմանալ միայն տարեվերջին, երբ երկիրը ՄԱԿ-ում հաշվետվություններ ներկայացնի՝ գնված և վաճառված ռազմական արտադրանքի մատնանշմամբ:










































