Ավստրալուհին Թաիլանդում հանգստանալիս «ձկնային մատնահարդարում» անվանմամբ էկզոտիկ սպա-գործողություն է արել և զրկվել աջ ոտքի բոլոր մատներից՝ գրում է Metro-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2010թ.: Դրանից 4 տարի առաջ ավստրալուհու ոտքի մեկ մատը արդեն հեռացրած են եղել ապակու վրա ոտքը դնելու հետևանքով ստացած թարախային բորբոքման պատճառով: Թաիլանդում աղջիկը որոշել է փորձել նոր մատնահարդարումը, որի ընթացքում անհրաժեշտ է ոտնաթաթը իջեցնել ձկներով լի ակվարիումը: Ձկները մաքրում և հարթեցնում են մաշկի մահացած մակերեսը:
Արդյունքում աղջիկը նորից վարակվել է մաշկային բորբոքումով, ինչի պատճառը ակվարիումի կեղտոտ ջուրն է եղել: Տուն վերադառնալուց հետո նա իրեն վատ է զգացել: Հետագա հինգ տարիների ընթացքում աղջիկը աստիճանաբար կորցրել է ոտնաթաթի բոլոր մատները: