«Ես համարում եմ, որ Սահմանադրությունը պետք է փոփոխվի ոչ միայն այն բանի համար, որ հիմա Ազգային ժողովի արձակման խնդիր է դրված, այլ որ Սահմանադրության մեջ կան բազմաթիվ դեֆեկտներ, որոնք պետք է ուղղվեն։ Ներկայիս Սահմանադրությունը շատ անհաջող նախագիծ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության առաջին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վահե Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է այս փուլում իրագործելի հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելն ու ԱԺ-ն ինքնալուծարման տանելու տարբերակը։
Նրա խոսքերով՝ ԱԺ-ի լուծարումը կարող է տեղի ունենալ միայն մի ճանապարհով, երբ տարբեր քաղաքական շահեր ունեցող քաղաքական ուժերը համագործակցեն այդ հարցով և գան քաղաքական պայմանավորվածության, ինչը, սակայն, այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակում, տեսականորեն հնարավոր չէ։ «Եվ, դժբախտաբար, ուրիշ խնդիր էլ կա, որ ԱԺ-ն կարող է արձակվել միայն իրավունքի ուժով։ Դա կարելի էր նախատեսել մի դեպքում միայն, եթե Սահմանադրության հեղինակները համոզված լինեին, որ իրենք ի վիճակի են կանխորոշել բոլոր հնարավոր ելքերը։ Իսկ փորձը արդեն ցույց է տալիս, որ այս դեպքը նրանք չեն կարողացել կանխորոշել»,- ասաց Ստեփանյանը։
Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ իմաստով ներկայումս սահմանադրական ճգնաժամ է, Ստեփանյանը նկատեց, որ դեռ շատ Սահմանադրական ճգնաժամեր դեռ առջևում են։ Նմանատիպ մի ճգնաժամ էլ կառաջանա կայուն մեծամասնության մասով։ «Կայուն մեծամասնությունը չի նշանակում շատ մեծամասնություն։ Մենք 97 թվականին էլ ենք ունեցել շատ մեծամասնություն, բայց դա մեկ գիշերվա մեջ քանդվել է։ Այսինքն` Սահմանադրության մեր հեղինակները, դժբախտաբար, շփոթել են քանակը որակի հետ։ Կայունությունը դա որակ է»,- ասաց Ստեփանյանը։
Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրության նախագիծ պատվիրելիս նկատի է ունեցել հենց քանակական մեծամասնությունը, քանի որ Սահմանադրությունը, ինչպես ասում են, իր հագով է գրվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարելի է պատվիրել հագով շոր, բայց այդ շորը որքանով կսազի քեզ, կախված է դերձակից։ Պատվերը կարելի է կատարել որակով և անորակ»։
Վահե Ստեփանյանը նշեց, որ ներկայումս, երբ ԱԺ-ում չկա կայուն մեծամասնություն, դա հիմք չէ ԱԺ-ն արձակելու, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է ԱԺ-ն արձակելու հիմքերը։
Վահե Ստեփանյանի խոսքերով՝ խորհրդարանական կառավարման համակարգը չի կարող աշխատել մի երկրում, որտեղ կայացած չէ կուսակցական համակարգը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































