Վանաձորում ինքնասպան եղած 25-ամյա Պարույր Գալստյանը երկտող էր թողել, որում նշել էր, որ այլևս չի կարող տեսնել մոր տանջանքները: Նկատի է ունեցել մոր՝ Վանաձորի առաջին համաբուժարանի բժշկուհի Մարինե Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է:
Մարինե Դանիելյանին մեղադրանք է առաջադրված Քր. օր.-ի 128 հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրական եզրակացությամբ՝ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի, 50-ամյա Մարինե Դանիելյանը, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող և անգիտակից լինելու հետևանքով ինքնապահպանության միջոցներից զրկված` տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ` երկու օր թողել է նրան անօգնական վիճակում:
Մեր տեղեկություններով՝ Պարույր Գալստյանը, ով մտերիմների խոսքերով՝ ինքնամփոփ էր, ծանր է տարել մոր ապրումները, ով չկատարած արարքի համար «խայտառակ է լինում»:
Մինչդեռ առաջադրված մեղադրանքն այնպիսին է, որ եթե բժշկուհին համաձայներ իր նկատմամբ համաներում կիրառելու քննիչի առաջարկին՝ գործը կկարճվեր դեռ նախաքննության փուլում: Բայց բժշկուհին պնդել է, որ ինքը չի կատարել նշված արարքը, և պետք է դատարանով ապացուցի իր անմեղությունը: Հայտնի չէ` գործը կշարունակվի, թե ոչ, բայց, օրենքով, բժշկուհին դատարանում էլ կարող է իրեն մեղավոր չճանաչելով` համաձայնել համաներում կիրառելուն, և գործն այս փուլում էլ կկարճվի: Առանց համաներման էլ՝ նշված հոդվածը պատիժ է նախատեսում՝ 100-150 հազար դրամ տուգանքի կամ երկու ամսվա կալանքի ձևով:
Մեր տեղեկություններով՝ Մարինե Դանիելյանը մինչև վերջ էլ հաստատակամ էր, որ նույնիսկ բժշկական տարբեր մասնագիտական կարծիքների դեպքում ինքը չի զիջելու այս գործում: Բայց որդու դեպքից հետո բժշկուհուն այլևս չի հետաքրքրում՝ կլինի արդարացում, թե ոչ: Մինուճար որդուն նա առանց ամուսնու էր մեծացրել և իր կյանքի իմաստն ու ապագան միայն նրա մեջ էր տեսնում:









































