Հայաստանի կողմից Սիրիա զորախումբ ուղարկելը մասնագետները շարունակում են խնդրահարույց համարել՝ անկախ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարի բազմաթիվ հավաստիացումների, որ Հայաստանից Սիրիա ուղարկվող զորախումբը ռազմական գործողությունների չի մասնակցելու։ «Մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիա խումբ ուղարկելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Խնդիրներ են մատնանշվում իրավական առումով, այն կոնտեքստում, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս Հայաստանի ԶՈւ-ին մեր երկրի տարածքից դուրս որևէ գործողության մասնակցել։ Հայաստանն իր առաքելությունը Աֆղանստանում, Կոսովոյում և նախկինում Լիբանանում կատարել է բացառապես այլ երկրի հրամանատարության ներքո, իսկ հիմա մեկնում է բացառապես ՀՀ դրոշի ներքո։
«Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ ՀՀ Սահմանադրության, օրենքների հետ կապված խնդիր չկա, քանի որ խումբը մեկնում է բացառապես հումանիտար առաքելություն իրականացնելու համար։ «Մարդասիրական առաքելություն իրականացնելն ուրիշ կատեգորիա է, ռազմական գործողություններին մասնակցելը՝ ուրիշ։ Մեր բժիշկները չեն գնում ինչ-որ երկրի անունից ուրիշ երկրի դեմ կռվելու։ Մեր զինվորների կողմից Սիրիա մեկնելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու մասով սահմանադրական ոչ մի արգելք չկա։ Ընդգծում եմ՝ հումանիտար առաքելություն իրականացնելն ու ռազմական գործողություններին մասնակցելը տարբեր բաներ են»,- ասաց Այվազյանը։
Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս անդրադառնալով գործուղման իրավական հիմքին՝ նշել էր, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերը ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։
Լուսանկարը՝ Photolure-ի









































