Հալեպում տիրող իրավիճակի առանձնապես մեծ տարբերություն չկա. էլեկտրականությունն անջատված է, ջուրը` ևս: «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին` եղանակը թեև ձմեռային է, բայց ոչ շատ ցուրտ: Հատկապես նախորդ շաբաթների համեմատությամբ մեղմ եղանակ է, և ժողովուրդը կարողանում է օրվա հետ քայլել, դիմակայել դժվարություններին: Քաղաքում մարտեր կան, ընդհարումներ, բայց դրանք, սովորաբար, ընդդիմադիր, հակամարտող կողմերի միջև են, սակայն դա չի նշանակում, որ տեղի բնակավայրերն ապահով են. դրանք հաճախակի հրազենային պայթյունների, հարձակումների ենթակա են, ընդ որում` օրվա ցանկացած ժամի, այնպես որ «անվտանգ շրջան» արտահայտությունը որևէ դեպքում հնարավոր չէ ոչ օգտագործել, ոչ էլ պատկերացնել: Նման պայթյունների հետևանքը կարող են լինել մարդկային զոհեր, վիրավորներ:
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք` Սիրիային նվիրված հաշտության կոնֆերանսը կարող է Սիրիայի ժողովրդի համար ողջունելի և ուրախալի լինել, եթե դրական արդյունքներ լինեն, սակայն քանի դեռ ժողովուրդը շոշափելի արդյունք չի տեսել, այդ կոնֆերանսով այնքան էլ ոգևորվելու հիմքեր չկան: Սիրիահայությունը, ըստ Ռեիսյանի, Սիրիան լքելու մասին կմտածի միայն այն դեպքում, եթե նրանից դուրս իրեն ապրուստի անհրաժեշտ պայմաններ ապահովվեն:
«Այսքան տարվա գաղութ է, պատմություն ունի, ամեն մեկն իր բնակությունն ունի, այսքան տարում աշխատանքի առումով ևս ստեղծած որոշակի բազա ունի, և այս ամենը միանգամից քանդել չի ցանկանա: Այս ամենի կողքին, սակայն, անշուշտ, մտածողներ կլինեն իրենց կյանքն ավելի լավ պայմաններում շարունակելու, սակայն միայն եթե երաշխիք ունենան: Եթե նրանք չունեցան այդ երաշխիքը, արդեն իսկ որևէ իմաստ չի ունենա նման բանի մասին մտածելը»,- նշեց նա: Ռեիսյանը մանրամասնեց` երաշխիք ասելով` նկատի ունի կեցությունն ու աշխատանքը, այսինքն` ոչինչ, որ փոքր-ինչ դժվար փուլերով, սակայն կյանքը բնականոն հունով շարունակելու երաշխիքը:








































