Նոր տարին Հայաստանի և հայաստանցիների համար 2014 թվականին նոր է բառի ամենաուղիղ իմաստով, այսինքն՝ այն իսկապես շոշափելի նորություն է պարունակում: Բայց այդ նորությունն անարդարացիորեն աննկատ է մնացել հայաստանցիների մեծ մասի համար, և այդ մասին եղան միայն հազվադեպ տեղեկատվական հրապարակումներ: Բանն այն է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, որով Հայաստանի քաղաքացիների համար շոշափելիորեն դյուրանում է շենգենյան համաձայնագրի երկրներ, այսինքն՝ Եվրամիության երկրներ մուտք գործելու վիզայի տրամադրումը, շատերի համար այն դառնում է անվճար, իսկ մի մասի համար էլ կիսով չափ նվազում է վիզայի համար վճարը՝ 60-ից հասնելով 35 եվրոյի:
Այս համաձայնագիրը իրականում չափազանց կարևոր քայլ է Հայաստանի համար: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանում քաղաքացիական բարեփոխումների տեսանկյունից, մարդկանց աշխարհընկալումների փոփոխության, խորհրդային դեռևս պահպանվող շատ ստերեոտիպերի չեզոքացման տեսանկյունից: Բանն այն է, որ համաձայնագիրը Հայաստանը մեկ քայլ ավելի է մոտեցնում Եվրոպային, այսինքն՝ զարգացած աշխարհին:
Իհարկե, Մաքսային միությանն անդամակցելու մասին խայտառակ որոշման ֆոնին այս քայլը էապես խամրում է, սակայն մյուս կողմից, այդ որոշման պարագայում այս քայլի առկայությունը գոնե հույս է ներշնչում, որ ավելի մոտ լինելով, այսինքն՝ ավելի մատչելի լինելով Հայաստանի քաղաքացիների համար, Եվրոպան Հայաստանի ժողովրդավարացման համար նրանց պայքարում կկարողանա ավելի արդյունավետ գործընկեոջ դեր կատարել: Ի վերջո, հայաստանցիների համար Եվրոպան ճանաչելը կարևոր, անհրաժեշտ իրողություն է, եվրոպական զարգացման բանաձևը և դրա հաջողության մի քանի տարրերը հասկանալու հնարավորության սահմանում տեղայնացնելու համար, Եվրոպայի մասին իմացությունը սովետա-ռուսական քարոզչության պարտադրած ստերեոտիպերից ձերբազատելու համար: Դժվար է ասել, թե զուտ թվաբանական առումով Հայաստանի քաղաքացիների ինչպիսի թվի է վերաբերելու վիզաների դյուրացումը գործնականում, այսինքն՝ քանի-քանի մարդ կունենա Եվրոպան մոտիկից տեսնելու հնարավորություն, սակայն ակնհայտ է, որ սա մի նոր իրողություն, նոր գործնական հնարավորություն է Հայաստանի հասարակության համար, և մենք պետք է տեր կանգնենք այդ հնարավորությանը, թույլ չտանք, որպեսզի բոլոր կամ գրեթե բոլոր՝ Հայաստան-Եվրոպա ձևաչափով պայմանավորվածությունների նման այս մեկն էլ մնա ընդամենը թղթի վրա, ունենա ընդամենը թղթային էֆեկտ:
Մյուս կողմից, իհարկե, արդարացիորեն մատնանշվում է այն հանգամանքը, որ վիզաների դյուրացումը կարող է նպաստել Հայաստանի համար վտանգավոր, գերվտանգավոր մի երևույթի՝ արտագաղթին: Այստեղ, սակայն, մտահոգության հիմքի առկայությամբ հանդերձ, նախ հարկ է նկատել, որ համաձայնագիրը պարունակում է նաև ռեադմիսիայի դրույթը: Դա նշանակում է, որ Եվրոպայում դյուրացնելով հայաստանցիների վիզայի տրամադրումը՝ անկասկած կխստացնեն նաև այնտեղ նրանց անօրինական մնալու հանդեպ վերահսկողությունը և կվերադարձնեն Երևան, առավել ևս, որ Եվրոպայում անօրինական միգրանտների խնդիրը իսկապես լուրջ գլխացավանք է դարձել տեղի իշխանությունների համար: Եվ սրանից էլ զատ, պետք է նկատել, որ Եվրոպան այսօր Հայաստանից արտագաղթողների համար այնքան էլ գրավիչ տեղ չէ, որովհետև այնտեղ որակավորված աշխատուժն է ավելի պահանջարկ վայելում: Սա է պատճառը, որ Հայաստանից արտագաղթի առյուծի բաժինը դեպի Ռուսաստան է:
Եվ ամենակարևորը՝ արտագաղթի մասով: Եթե Մարդը Հայաստանում հասցվել է մի իրավիճակի, երբ չի արտագաղթում զուտ այն պատճառով, որ չի կարողանում դա անել ֆիզիկապես՝ ինչ-ինչ, այդ թվում վիզաների պատճառով, ապա Հայաստանում նրա ֆիզիկական գոյությունն ըստ էության այլևս Հայաստանի համար դառնում է անիմաստ, որովհետև հայրենիքում ապրած ամեն մի օրը նրան ավելի է զզվանքով լցնում հայրենիքի հանդեպ, որտեղ նա չունի ապրելու տարրական հնարավորություններ: Այսինքն՝ արտագաղթողին պետք է Հայաստանում պահել ոչ թե նրա համար հեռաալու ֆիզիկական խոչընդոտներ ստեղծելով, այլ նրա համար հայրենի պետությունը օտար պետություններից գրավիչ դարձնելով, նրա համար հայրենի պետության մեջ արժանապատիվ ապրելու հնարավորություններ ստեղծելով: Որպեսզի այդ մարդն էլ, ապրելով հայրենիքում, կարողանա, և գլխավորը՝ ցանկություն ունենա ինքն էլ ինչ-որ բան ստեղծելու, ինչ-որ բան անելու հայրենի պետության համար: Արտագաղթի խնդիրը կա՛մ այդպես է լուծվելու, կա՛մ չի լուծվելու երբեք:







































