Դեկտեմբերի վերջին Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի պաշտոնական վարկածը նրա թիմակիցներից ոմանց հավատ է ներշնչում, իսկ ոմանց մոտ կասկած հարուցում և մահափորձի կազմակերպիչների թիկունքում քաղաքական ենթատեքստեր փնտրելու հնարավորություն տալիս:
Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 02.01.2014թ. տեղադրված «Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում» վերտառությամբ հաղորդագրության՝ երեկ կայքում ևս մեկ հավելում է եղել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ բերված գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը Վիտալի Բալասանյանի հետ գտնվել են շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:
Այնինչ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Վիտալի Բալասանյանի թիմակից Հայկ Խանումյանը այս հաղորդագրությունը առնվազն կասկածելի է համարում: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ վերջին օրերին «Ֆեյսբուք»-ի արցախյան իշխանամետ օգտատերերի առաջ քաշած վարկածները վերածվեցին ԼՂՀ դատախազության պաշտոնական վարկածի, համաձայն որի՝ կասկածյալները այդ քայլին գնացել են անձնական դրդապատճառներով: Իսկ այդ անձնական դրդապատճառները, ըստ դատախազության, հետևյալն են՝ կասկածյալները ցանկացել են սպանել Բալասանյանին, որովհետև վերջինս չի կատարել նրանցից մեկի եղբորը բանտից ազատելու խոստումը:
«Սա առնվազն անլուրջ պատճառ է, քանզի եթե դա մարդ սպանելու պատճառ լիներ, ապա Արցախի պաշտոնյաների մեծ մասի դեմ պետք է սպանության փորձեր կատարվեին: Չնայած դատախազությունը դեպքերի մանրամասներ չէր հրապարակում՝ ելնելով «նախաքննության գաղտնիությունից», սակայն արդեն հասցրին «պատճառների» մասին հաղորդել: Ո՞ւմ կարող էր խանգարել Վիտալի Բալասանյանը: Պատասխանը հստակ է՝ իշխանության մաս կազմող և նախագահական ամբիցիաներ ունեցող վեց-յոթ գործիչներից առնվազն երեքին: Իրականում հենց այս վարկածն էլ լայնորեն շրջանառվում է ժողովրդի մեծ մասի մոտ»,- նշել է նա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանն անդրադարձավ մահափորձի պաշտոնական վարկածին: Նա նշեց, որ թեև Վիտալի Բալասանյանն Աժ պատգամավոր է, նախկինում եղել է փոխնախարար, սակայն դա այն պաշտոնը չէ, որ կարողանար ինչ-որ կերպ, թեկուզ իր հեղինակությամբ ազդել ազատազրկված մարդու կալանքի փոփոխման վրա: Սակայն, ըստ նրա, եթե նույնիսկ եղել է նման խոստում և չի կարողացել օգնել, ապա դա չի նշանակում, որ այդ մարդու հարազատները պետք է նման կերպով պատժեին:
«Առնվազն պետք է խելագար լինեն, հոգեբուժարան պետք է ուղարկեն այդ մարդկանց, կամ էլ նրանք վարպետորեն ինչ-որ բան են թաքցնում:
Քաղաքական ենթատեքստ կարելի է տեսնել ամեն ինչում, բայց հաստատ չեմ կարող ասել: Վիտալիի նկատմամբ որևէ մեկը չէր էլ հոխորտում, թե այսպես կամ այնպես կանենք: Հետո Արցախում մեկ ընտանիք ենք՝ ընդդիմություն և իշխանություն, մենք այն մարդիկ ենք, որ նախկինում կողք կողքի կռվել ենք մեկ նպատակի համար, և մեր այսօրվա ընդդիմությունը, մեր ամեն ինչն ընթանում է քաղաքակիրթ ձևով, և այս ընդդիմախոսությունը անձնականի համար չէ, ընդհանուր ժողովրդի անվտանգության, Արցախի զարգացման համար է:
Չեմ կարծում, որ իշխանություններից որևէ մեկը կարող էր նման բան ձեռնարկել, որովհետև մենք թշնամի չենք, կարող է՝ հակառակորդներ ենք, բայց մենք կամուրջ չենք վառել երկխոսությանն ընդառաջ: Մենք տարբեր հարցերում մեղադրում ենք իշխանություններին, բայց դա այն աստիճանի թշնամական չէ, որ նման ձևով վարվեն:
Ինչ-որ մեկը անձնական մղումով պատվիրել է այդ մարդկանց անել դա, իսկ այդ մարդիկ էլ մահանա են բռնում այդ փոքր պատմությունը: Սա վարկածներից մեկն է: Բոլոր վարկածները դրել ենք սեղանին ու բացառելով՝ առաջ ենք գնում»,- նման տեսակետ հայտնեց Վահան Բադասյանը:
Ազատամարտիկ Արթուր Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե այդքան էլ լավատեղյակ չէ, թե պարոն Բալասանյանը ինչ հարաբերությունների մեջ է եղել այդ տղաների հետ: «Բայց առայժմ այդ վարկածն է: Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, որովհետև դրա պատճառն ու հետևանքներն ու նպատակը չեն երևում առայժմ: Ես իրենց անձամբ չեմ ճանաչում, մոտավոր էլ չեմ ճանաչում՝ ովքեր են իրենք և ինչ հարաբերություններ ունեին պարոն Բալասանյանի հետ, տեղեկություն չունեմ:
Այս պահին, այս իրավիճակում քաղաքական ենթատեքստ չկա: Առայժմ համամիտ եմ դատախազության առաջ քաշած վարկածի հետ և չեմ կասկածում դատախազության ճշգրտության վրա»,- նշեց նա:
Ազատամարտիկ Վլադիմիր Աղասարյանը ևս մահափորձի կազմակերպման ետևում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, բայց նաև հնարավոր չի համարում, որ ինչ-որ մեկը վիճաբանություն ունենա Վիտալի Բալասանյանի հետ:
«Ես այդ տղաներին երևի թե մեկ անգամ գուցե տեսած լինեմ, շատ լավ չեմ ճանաչում, որ ասեմ՝ տեսել եմ, բարևել եմ, հետները շփվել եմ՝ ոչ: Այնտեղ, որտեղ իրենք են աշխատում, ես մի անգամ եմ եղել իմ նախկին ավտոմեքենայով: Նույնիսկ դեմքը չեմ կարողանում տեղը բերել: Մեկի հայրը ավտոպահեստամասեր է վերանորոգում, այդ տղան մեքենայի ընթացքն ապահովող մասնագետ է, իսկ մյուսն էլ այլ գյուղից է, քաղաքում խանութ ունեն, լիմոնադի ցեխ, բայց շատ ավելի հստակ չգիտեմ:
Սակայն հնարավոր չէ, որ Բալասանյանի հետ ինչ-որ մեկը վիճաբանություն ունենա, ի՞նչ պետք է նրանք ունենան Վիտալիի հետ կապված: Ոչ մի բան: Ես շատ մոտիկ եմ այդ մարդու հետ, անձամբ այդ տղաներից մեկի հոր հետ մտերիմ է Բալասանյանը, ու հստակ ոչինչ ասել հնարավոր չէ»,- ասաց Աղասարյանը:
Հիշեցնենք, որ պանության փորձի փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քր.օր.-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ քր.օր.-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):








































