Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ, ադրբեջանցի քաղաքագետներն անդրադարձել են վաղը Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ Կազանում կհայտարարվի Մադրիդյան սկզբունքների ընդունման մասին։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ Կազանի հանդիպման ժամանակ առաջընթաց չի գրանցվի, այդ հանդիպումն ավելի կարևոր չէ, քան, ասենք Սանկտ Պետերբուրգինը կամ Սոչիինը, և դա նույնպես միտված է ներկայիս իրավիճակի (երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ էլ խաղաղություն) պահպանմանը։
Քաղաքագետ Զաֆար Գուլիևը կարծում է, որ Կազանում լուրջ առաջընթաց կամ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ ցայժմ անհայտ է մնում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
Քաղաքագետ Արազ Ալիզադեն նույնպես չի հավատում Կազանում առաջընթաց գրանցվելուն՝ ընդգծելով, որ հավատարիմ է մնում իր այն դիրքորոշմանը, թե առանց պատերազմի Ադրբեջանը չի կարող հետ բերել կորուսյալ տարածքները.
«Այո՛, Հայաստանը կարող է մեզ վերադարձնել 4-5 շրջան, բայց չէ՞ որ դրանից հետո միջազգային հանրությունը կսկսի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նշելով, որ հայերը զիջման են գնացել և հերթը ձերն է»։
Ի դեպ, Ադրբեջանի փոխարտգործնախար Արազ Ազիմովը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ լավատեսորեն տրամադրված չէ կազանյան հանդիպման նկատմամբ։











































