Այն, ինչ տեղի ունեցավ Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում Մակեդոնիա-Հայաստան հանդիպման ժամանակ, պարտություն չես անվանի: Ֆուտբոլում պարտվում են պայքարելով, և շատ դեպքերում պարտվելն ամենևին էլ ամոթ չէ: Այսօր հայ երկրպագուն խոսում է Մակեդոնիայի դեմ խաղում տեղի ունեցած սաբոտաժի, դավաճանության, դավադրության մասին: Իրադարձությունների զարգացումն այնպիսին է, որ իսկապես դժվար է հավատալ հանդիպման արդար ընթացքին: Կան դրվագներ, որոնք անհասկանալի լինելուց բացի՝ չափից ավելի տարօրինակ են:
«Երբեք ու երբեք, անգամ եթե Զևսը իր շանթերով սպառնա, որ հաղթած մեկնարկային կազմ փոխեք, մի արեք դա: Ֆուտբոլում չգրված օրենքներ կան, որոնք շատ անգամներ գործում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:
Սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կերտեցին Մարկոս Պիզելին ու Արաս Օզբիլիսը: Մարկոսի անհատական վարպետության՝ փառահեղ հարվածով Հայաստանը խփեց առաջին գնդակը: Օզբիլիսի ֆանտաստիկ վարպետության և փոխանցման արդյունքում էլ Տիգրան Բարսեղյանը խփեց երկրորդ գնդակը: Այս ֆուտբոլիստները իրենց ետևից տարան խաղընկերներին, ու մի կերպ հաղթեցինք Լիխտենշտեյնին: Վստահաբար կարելի է ասել, որ եթե այս ֆուտբոլիստները չխաղային Լիխտենշտեյնի դեմ, ուղղակի չէինք հաղթի:
Հաղթանակած կազմի վերաբերյալ չգրված օրենքը խախտելը «հանցագործություն» չէ: Բայց ինչպե՞ս բացատրել հաղթանակը կերտած թիմի առաջատարներին մեկնարկային կազմից դուրս թողնելը: Կարելի է պատճառ բերել տակտիկական նկատառումները: Բայց ինչի՞ տակտիկական նկատառումների մասին է խոսքը, երբ Մարկոսին ու Արասին արժանի փոխարինողներ հավաքականում ուղղակի չկան: Ինչպե՞ս բացատրել ազգային հավաքականի ավագի, մեղմ ասած, հերթական վատ խաղը: Ինչպե՞ս կարող է ազգային թիմի ավագը զլանալ, ֆուտբոլային լեզվով ասած, «ոտք գցել» մի մետր հեռավորության վրա մանյովրող մրցակցին: Մակեդոնիան սպասվածից շատ ավելի թույլ էր: Կհամարձակվենք ասել, որ Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը ցուցադրած խաղով էապես չտարբերվեցին: Ավելին, մակեդոնացիները չէին խաղում ու գնդակ էին նվիրում մեզ: Թվում էր, թե դարպասի գրավումն անխուսափելի է, բայց…
Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը որպես ՀՖՖ նախագահ՝ վերջինն էր Ռուբեն Հայրապետյանի համար: Երկրպագուները վստահ են, որ տեղի ունեցածում այս անձի մատը այնուամենայնիվ խառն է եղել: Խորտակվող ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչը հեռանալուց առաջ ապտակեց նոր Հայաստանին: Ֆուտբոլիստը չի կարող ազգային հավաքականի մարզաշապիկով դուրս գալ խաղադաշտ ու չխաղալ: Եթե ֆուտբոլիստը այնուամենայնիվ գնում է այդ քայլին ու չի խաղում, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Խոսքը չի վերաբերում մեր հավաքականի բոլոր խաղացողներին: Դաշտում կային տղաներ, որոնք փորձում էին ինչ-որ բան անել: Ցավոք, այդ ֆուտբոլիստները մի քանիսն էին:
Ռուբեն Հայրապետյանը շարունակ համոզում էր, որ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը խաղ են ծախել: Խաղ ծախելու վերաբերյալ որևէ ապացույց մինչ օրս ՀՖՖ նախագահը չի ներկայացրել: Ինչպե՞ս ՀՖՖ նախագահը կմեկնաբանի երեկվա հանդիպումը: Ո՞վ էր շահագրգռված, որ Հայաստանը խայտառակվի: Իրականում Սկոպյեում տապալվեց ոչ թե Հայաստանի հավաքականը, այլ մեր երկիրը: Խայտառակվեցինք մենք, մեր երեխաները, որոնք նման հարվածները շատ ավելի ծանր են տանում: Ապացույցների բացակայության պարագայում դժվար է մատնանշել տեղի ունեցածի մեղավորներին:
Ակնհայտ է, սակայն, որ խայտառակության պատասխանատուներն են ՀՖՖ նախագահը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ազգային հավաքականի ավագը: Պետական «սիմվոլը» ոտնատակ անողները պետք է պատասխան տան: Որոշումները պետք է լինեն կտրուկ, քանզի հապաղելու ժամանակ չունենք: Հարկ եղած դեպքում կարելի է նույնիսկ, բացառությամբ մի քանի խաղացողների, ցրել այս հավաքականը և առաջիկա հանդիպմանը ներկայանալ բոլորովին նոր կազմով: Թող լինի թույլ կազմ, բայց խաղադաշտում լինեն այն տղաները, որոնք գիտակցում են ազգային թիմ ասվածի արժեքը: Ֆուտբոլասերն այլևս չի ընդունի այս հավաքականը: Չի ընդունի այն կազմը, որը խաղաց Մակեդոնիայի հետ:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում երրորդ հանդիպումն է անցկացնելու՝ Երևանում մրցելով Ջիբրալթարի հետ: Ընդամենը 3 օր անց էլ կրկին Երևանում խաղալու ենք Մակեդոնիայի հետ: Այս մրցավեճերը մեր ընտրանին կանցկացնի նոր ՀՖՖ նախագահի նոր ղեկավարության և ամենայն հավանականությամբ՝ նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ: Մասնավորապես, Մակեդոնիայի հանդիպումը չպետք է լինի ռևանշի խաղ: Մենք չենք պարտվել Մակեդոնիային, այլ ոմանք տվել են խաղը մակեդոնացիներին: Առաջիկա հանդիպումներում մենք պարտավոր ենք ապացուցել, որ դավադրություններն ու ստոր արարքները չեն կարող խորտակել մեր պատիվն ու արժանապատվությունը: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նոր, թափով ու նոր ոգով պայքարը շարունակելն է:











































