Եվրոպայում կերակրափողի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում: 2011 թվականին քաղցկեղի այդ տեսակից Մեծ Բրիտանիայում մահացել է 7600 մարդ (100 հազար մարդու հաշվով՝ 13-ը): 1971-ին գրանցվել է մահացության 3800 դեպք (100 հազար մարդու հաշվով՝ 8):
1970-ականներից ի վեր տղամարդկանց մահվան ցուցանիշը քաղցկեղի այդ տեսակից ավելացել է 65 տոկոսով: Կանանց պարագայում ցուցանիշի աճը փոքր է՝ 9 տոկոս: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով քաղցկեղի հետազոտման հարցերով բրիտանական հիմնադրամին:
Կենսակերպի գործոնները, ինչպիսիք են՝ ճարպակալումը, ծխելը և ալկոհոլ օգտագործելը, բարձրացնում են կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը: Վերջին 40 տարում քաղցկեղի այդ տեսակից մահացող մարդկանց թիվն ավելացել է մոտ 50 տոկոսով:
Միացյալ Թագավորությունում ամեն տարի հիվանդությունն ախտորոշվում է 100 հազար մարդու հաշվով 6.4-ի մոտ, մինչդեռ անցած տարվա դրությամբ եվրոպական միջին ցուցանիշ է համարվել 3.3-ը:









































