«Հայաստանում երեք ամիս առաջ տեղի ունեցած փոփոխությունները բերեցին քաղաքական դաշտի առողջացման ահռելի հնարավորությանը և կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս քաղաքական կազմակերպություն, պետք է իր տեղն ու դերը հստակեցնի այդ գործընթացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության ակտիվացմանը:
«Ուզում եմ նպաստել այդ առողջացմանը, զարգացնել քաղաքական դաշտը: «Ալյանսը» «Ծառուկյան» դաշինքի մաս է և խորհրդարանում գտնվում է շնորհիվ ԲՀԿ-ի հետ կնքված համաձայնագրի: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ազգային համաձայնության կառավարության մաս է կազմել ժողովրդական հաղթանակը ապահոված ուժերի հետ միասին: Սա չափազանց կոմֆորտային վիճակ է մեր թիմի համար: Մենք ուրախ ենք, որ քաղաքական մենիշխանությունը կոտրելուց հետո անցնել երկրի կառուցման գործին»,- ասաց նա:
Ուրիխանյանը ընդգծեց, որ ժամանակն է ուս ուսի տված անցնել երկրի զարգացման ճանապարհով արդեն նոր իրականության մեջ:











































