«Քաղաքացիական հանրությունը 2013թ., այո, ունեցել է զարգացում: Դրա ցուցիչը ամռանն ամրագրված հաղթանակն էր տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարում: Եթե Թռչկանի հաղթանակը կերտվեց երկու-երեք տասնյակ երիտասարդ քաղաքացիների պայքարի շնորհիվ, եթե Մաշտոցի պուրակի հաղթանակը ձեռք բերվեց երկու-երեք հարյուր քաղաքացիների անմիջական մասնակցության շնորհիվ, ապա այս տարի տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարում արդեն ներգրավված էր երկու-երեք հազար մարդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2013 թվականին քաղաքացիական հասարակության գրանցած զարգացումները՝ ասաց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
Նա հավելեց, որ բացի քանակական ցուցիչից, այս տարի նաև տեխնոլոգիական նորարարություններ կիրառվեցին, եղան պայքարի նախկին միջոցների լայն տարածում. «Այսօր հանրության շրջանում արդեն լիարժեք յուրացված է խնդիրների լուծման համար ճանապարհները փակելու տեխնոլոգիան (Արմավիրի կարկտահարության խնդիր, Կոմիտաս 5, Մարցի ՀԷԿ-ի խնդիր և այլն): Տրանսպորտի գնի համար պայքարի ժամանակ հանրային տարբեր շերտերի կոնսոլիդացիայի, անօրինական ուղեվարձով աշխատող տրանսպորտի աշխատանքը պարալիզացնելու մեթոդական լուծումների ականատեսը եղանք և այլն: Բացի այդ, այսօր հանրության շատ ու շատ շերտեր համոզվել են, որ այլևս անհույս է սեփական խնդիրների լուծումը իրենից դուրս փնտրելու մեր քսանամյա շղթան կրկնել և պետք է ընտրություն կատարել ճորտական կարգավիճակի և արժանապատիվ քաղաքացի լինելու միջև»:
Վերլուծաբանի կարծիքով՝ հաջորդ տարի մեր գլխավոր խնդիրն է արդեն դառնալու հանրային լայն կոնսոլիդացիայի հասնելու և քաղաքացիական պայքարի միջոցով համապետական նշանակության էական հաջողություններ արձանագրելու հարցը․ «Պետության կործանման ներկա տեմպերը այլ ելք մեզ չեն թողնում: Այլապես օտարի ստրուկն ենք դառնալու՝ բառի ամենաիսկական իմաստով»:








































