Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որ Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը, այսպես ասած, «օրինական» պաշտպանության տակ է առնում Հարությունյանին: Մի քանի օր առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և չի արտահանձնվի: Հետո, սակայն, այդ տեղեկությունը կարծես թե հերքվել է: Այսպես, թե այնպես, ակնառու է մի բան, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, ըստ էության, հայտնվում է ռուսական հովանու ներքո, ինչը նշանակում է, որ Մարտի 1-ի գործով մեղադրանքը Ռուսաստանը վերցնում է իր վրա՝ առնվազն Հարությունյանի մասով: Այստեղ, իհարկե, իրավիճակը հետաքրքիր է մի քանի ասպեկտով, և, նախ և առաջ նրանով, որ հետախուզումը չեղարկելու մասին տեղեկությունը հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցից առաջ, որտեղ սպասվում է լուրջ և անկեղծ խոսակցություն, ինչպես ազդարարել էր Մոսկվան Պուտինի օգնական Ուշակովի շուրթերով:
Ակնհայտ է, որ Հարությունյանն այդպիսով ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հոգեբանական ներգործության կամ դիրքային պայքարի դրսևորում է, որ իրականացնում է Մոսկվան, ձգտելով թերևս Նիկոլ Փաշինյանին ընդունել, այսպես ասած, առավել լավ դիրքերից, իսկ գուցե նաև գերակա դիրքերից: Այս համատեքստում էլ հատկանշական է, որ Փաշինյանը Մոսկվա այցից առաջ ֆեյսբուքյան գրառում է արել, որ բոլոր մարդասպանները պետք է պատժվեն, դա այլընտրանք չունի, և ժողովրդից թալանվածն էլ պետք է վերադարձվի ժողովրդին: Այդպիսով ակնառու է, որ Փաշինյանն էլ, իր հերթին, փորձում է դրսևորել հոգեբանական ամրություն և ամրության այդ պաշարով է արձագանքում Ռուսաստանից եկած տեղեկատվությանը: Ի վերջո` ինչ դիրքերում կհանդիպեն Պուտինն ու Փաշինյանը, այստեղ, իհարկե, էական նշանակություն ունեցողը միայն Մարտի 1-ի գործը կամ Հայաստանի ներքաղաքական նոր ստատուս-քվոն չէ, Միքայել Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն, այլ շատ ավելի կարևոր ու ընդգրկուն հարցեր: Օրինակ նրանք, որոնք Պուտինին այսօր սպասվում են Թեհրանում, որտեղ ՌԴ նախագահը Սիրիայի հարցում կարևոր բանակցություն է վարելու Թեհրանի և Անկարայի առաջին դեմքերի հետ: Այսինքն՝ շրջանակը բավականին լայն է, եթե խոսքը վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման դիրքային պայքարին և այս տեսանկյունից դիրքերը ձևավորվում են ոչ միայն Երևանում ու Մոսկվայում, այլ օրինակ նաև Թեհրանում, և շղթայաբար գուցե նաև արդեն այն մայրաքաղաքներում, որոնք էապես ներգրավված են սիրիական թնջուկում:
Ակնառու է մի բան, որ հարավկովկասյան խնդիրները, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունը, ներկա փուլում անվիճելի ենթակա են մերձավորարևելյան հարցերին: Եվ այստեղ աներկբա է այն, որ Ռուսաստանն ունի Հայաստանի ու հայկական գործոնի կարիք, պարզապես Մոսկվան, ըստ երևույթին, փորձում է այն ստանալ հնարավորինս «էժան»: Ահա այս ֆոնին հատկանշական է դառնում Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ոչ միայն մարդասպանների, այլ թալանածը վերադարձնելու մասին: Այսինքն՝ Փաշինյանը, ըստ էության, ակնարկում է, որ Երևանը մտադիր չէ գնալ «էժան» գործարքի: Միևնույն ժամանակ Փաշինյանը հստակ հայտարարում է՝ «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում, որ հայ-ռուսական հարաբերության հետագա խորացումն ու ռազմավարական դաշնակցության սերտացումը ոչ միայն չունի այլընտրանք, այլևս Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է:
Այս ամենով հանդերձ, Միքայել Հարությունյանի ռուսական հովանոցի տակ հայտնվելը որոշակի իմաստով Մոսկվայի համար դառնում է հարաբերական ձեռքբերում, առնվազն այն առումով, որ մեծ վերապահումով է հնարավոր ձեռքբերում համարել «մեղքը»: Իսկ Ռուսաստանը գործնականում հենց դա է ձեռք բերել, և այստեղ, իհարկե, կարճաժամկետ առումով խնդիրների նկատելիությամբ հանդերձ, առնվազն միջնաժամկետ առումով պարզ չէ, թե ինչ է անելու Ռուսաստանը դրա հետ, և, ըստ ամենայնի, դիտարկվող տարբերակների թվում արժե մատնանշել և այն, որ Մոսկվային ներկայումս անհրաժեշտ է նոր իրավիճակում հայ-ռուսական հարաբերության վերափոխման անխուսափելի գործընթացի և հրամայականի պայմաններում ձեռք բերել ժամանակի ընթացքում Երևանին «զիջելու» ենթակա գործոններ:









































