ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. «Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ պետք է մնամ և աշխատեմ ավելի ակտիվ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե հիասթափությունն արդեն անցե՞լ է, նա արձագանքեց. «Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարևոր է, որ ընդդիմություն լինի, կարևոր է ընդդիմության դիրքերից հանդես գալը: ՀՀԿ-ն երևի թե ընդդիմություն պետք է լինի, ես էլ պետք է մնամ: Այս պահին ես հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր գործիչ, շատ պասիվ դիրք եմ գրավել, բայց եթե ժամանակներն այսպես շարունակվեն, հաստատ կդառնամ ընդդիմադիր գործիչ»:
Նա կարծիք հայտնեց, որ հանրապետությունում անորոշ իրավիճակ է ստեղծվել. «Դա շատ բազմաշերտ, բազմաբնույթ երևույթների հետ է կապված, որի մասին հիմա չեմ ուզում մեկնաբանություն անել»:
Նա ասաց, որ հիմա խուսափում է կառավարության աշխատանքները մեկնաբանելուց, սակայն կամփոփի ամեն ինչ և կարտահայտվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին. «Օրը կգա, կտեսնեք»:










































