Սեպտեմբերի 3-ին իր կողմից արդեն երկրորդ անգամ ղեկավարվող նախարարության 100 օրվա գործունեությունն է ամփոփել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության հետհեղափոխական գործունեությունը:
Ղեկավարելով կառավարության տնտեսական քաղաքականությունը կոորդինացնող նախարարությունը, պարոն Մինասյանը, թերևս, պետք է լուրջ ասելիք ունենար նոր կառավարության գործունեության, նոր մոտեցումների, ընդհանրապես իրականացվող նոր տնտեսական քաղաքականության առումով՝ հընթացս զուգահեռներ տանելով իր նախորդ և ներկա փուլերի գործունեությունների առումով, ի ցույց դնելով այն նորը, որ հնի փորձի վրա, նոր իրավիճակում ձգտում է կյանքի կոչել նախարար Մինասյանը: Ցավոք, ոչ մի նման բան, ավելին, հաշվետվություն ներկայացրած նախարարների մեջ Արծվիկ Մինասյանը ամենաքչախոս, ասելիքի ընդգծված պակաս ունեցողն էր:
Վերջինս իր հետհեղափոխական նախարարական գործունեության ընթացքին վերաբերյալ փոքրիշատե հետաքրքրություն ներկայացնող ընդամենը երկու միտք է հնչեցրել, որոնցից առաջինի մասին հասցրել են խոսել գրեթե բոլորը. «Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ 8․3%»: Նրա իսկ բերած տվյալներից, որ վերցված են Ազգային վիճակագրական կոմիտեից, պարզ է դառնում, որ երկրի 8.3%-ոց տնտեսական աճի գործում էկոնոմիկայի նախարարությունը առաջին կիսամյակի ընթացքում ունեցել է թերևս ամենափոքր մասնակցությունը․«Արդյունաբերությունն աճել է 4.3%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6%-ով, շինարարության ծավալը՝ 10.4%-ով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 18.7%-ով»: Մինչդեռ, վերջին տարիներին արդյունաբերությունը բավականին բարձր ու կայուն աճ էր արձանագրում: Ոլորտն առաջին կիսամյակում անկում է գրանցել և դա տեղի է ունեցել ամենից առաջ մասնավոր բիզնեսի, հատկապես հանքարդյունաբերությունում տիրող իրավիճակի արդյունքում: Բայց, մյուս կողմից, դա հետևանք է նաև այն բանի, որ վեց ամիսը մեկ արդյունաբերության ոլորտը կոորդինացնող փոխնախարար է փոխվում, և որպես կանոն, նորին միշտ բերում են դրսից, որ ոլորտի հետ մինչ այդ առնչություն չի ունեցել:
Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս անգամ իրավիճակը մի քիչ այլ տրամաբանության շրջանակներում է տեղավորված. նախարարը, ունենալով սահմանափակ հնարավորություններ կադրային քաղաքականության առումով, իր իրավասությունների շրջանակներում քայլեր է անում ուղղված նախարարության հին կադրերի դեմ՝ դրանով իսկ «ելնելով ինչ-ինչ հանգամանքներից» կառավարելի խառնաշփոթ ստեղծելով: Ինչևէ:
Նախարարի կողմից հանրությանը ներկայացված երկրորդ հիշարժան դրվագը վերաբերում է ներդրումների վերաբերյալ առաջարկություններին. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումների առաջարկներ է ստացել, բայց մենք փորձում ենք գնահատել իրատեսական թիվը. եկել ենք եզրակացության, որ դրանից առնվազն 240 միլիոնն է իրատեսական»: Թե սրա որ մասն է ստացվել նախարարության գործունեության հետևանքով, կամ ինչ մասնակցություն են ունեցել նախարարությունն ու նախարարը, պարոն Մինասյանը, բնականաբար, չի ասել և դժվար է ասել, որովհետև դա թիմային գործ է:
Մինչդեռ, մեր ունեցած շատ հավաստի տվյալներով՝ վերջին երկու-երեք ամիսներին հաճախակի են դարձել դժգոհություններն այն առթիվ, որ հայաստանյան բիզնես միջավայրին ծանոթանալու, նախարարությանը ներկայացված առաջարկների վերաբերյալ պատասխան ստանալու, համագործակցություն սկսելու, ներդրումներ իրականացնելու, և բազմաթիվ այլ առումներով, մնում են անպատասխան: Ընդ որում` ոչ հայաստանյան բավականին հզոր, ճանաչված ընկերությունների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունն էլ է մնում անարձագանք: Նախարարությունում սկսել են լրջորեն կասկածել, որ ներկայացվող առաջարկներին նույնիսկ չեն էլ ծանոթանում, և դա վատ աշխատանքի կամ թափթփված գործունեության հետևանք չէ: Պատճառներն ավելի խորն են:
Ինչ մնում է նախարարի և նախարարության գործունեության մյուս ոլորտներին, պարոն Մինասյանը, ցավոք, չի խոսել իր ամենահետաքրքիր գաղափարներից մեկի մասին, որը, թերևս, ծնվել է դեռ նախորդ կառավարության կազմում այս աթոռը զբաղեցնելիս, բայց նա մտմտում է կյանքի կոչել այս փուլի իր գործունեության ընթացքում: Մոռանալով, որ ՀՀ-ն աշխարհի բազմաթիվ պետություններում ունի դեսպանատներ, որոշներում նաև հյուպատոսություններ, տնտեսական կցորդներ, նախարարը մեծ ցանկություն ունի տարբեր երկրների հայահոծ գաղութներում բացել տնտեսական ներկայացուցչություններ: Բայց այս հարցը դեռ «վերլուծական, նախապատրաստական աշխատանքների փուլում է», և նախարարը չի շտապել զարգացումներից առաջ ընկնել: Բայց այդ ամենը երկրորդական հարցեր են, որովհետև ինչպես նշում է նախարարը. «Հաշվետու ժամանակաշրջանում կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր իրողությունների համատեքստում ՀՀ տնտեսական զարգացման նոր տեսլականի ձևավորման, տնտեսական աճի նոր մոդելի բացահայտման և տնտեսական քաղաքականության նոր օրակարգի ձևակերպման աշխատանքներին: ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առանցքային ուղենիշների շրջանակներում կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները, որոնց թվում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ակտիվ ընդգրկված են հետազոտական և մասնագիտական համակողմանի քննարկումներում, որոնց արդյունքները կմարմնավորվեն տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ»: Մնում է միայն հասկանալ, որքանով են կառավարության մշակած ու Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ օրերս հրապարակած ռազմավարությունները համահունչ և եթե կան տարբերություններ, ապա ինչպես է նախարարը դրանք համատեղում: Եվ վերջապես. հայահոծ գաղութներում տնտեսական ներկայացուցչություն ունենալու գաղափարը, ներկայացվող ծրագրերի ու առաջարկությունների անպատասխան թողնելը նախարարի՞նն է, թե՞ կուսակցությանը, և որքանո՞վ են դրանք նպաստում հայրենական արդյունաբերության զարգացմանը:











































