Ուղիղ հինգ տարի առաջ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հյուրընկալվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու հայտարարեց, որ Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը: Սա անակնկալ որոշում էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպական մեր գործընկերների համար, որոնք սպասում էին, որ աշնանը Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է Ասոցացման համաձայնագիր` շուրջ երեք տարվա արդյունավետ բանակցություններից հետո:
Տարիներ անց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը պետք է խոստովաներ, որ Մաքսային միության անդամակցության որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում:
Բոլորի համար ակնհայտ է, որ Մոսկվայի կողմից Սերժ Սարգսյանի վրա եղել է աննախադեպ ճնշում, ու Հայաստանի նախագահի, այսպես կոչված, եվրաուրացումը Մոսկվայի հարկադրանքի հետևանք է:
Դժվար է ասել, թե կոնկրետ ինչով կամ ինչ գործոններով է Մոսկվան սպառնացել Սերժ Սարգսյանին. դա կարող էր լինել իշխանության կորուստը, պատերազմը Արցախում, էներգետիկ քաղաքականության խստացումը` թեև կարող էին լինել նաև անձնական բնույթի սպառնալիքներ:
Չմոռանանք, ի վերջո, որ Հայաստանը Հոկտեմբերի 27 տեսած երկիր է, ու մեր քաղաքական էլիտան, առաջին հերթին` Սերժ Սարգսյանը, հրաշալի գիտեն, թե ինչի է ընդունակ Մոսկվան:
Իհարկե, հինգ տարի առաջ իրավիճակը գուցե այլ լիներ, եթե Հայաստանում ունենայինք այլ որակի, լեգիտիմությամբ օժտված իշխանություն, կամ այլ լիներ միջազգային համատեքստը. շատերի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրելով` Պուտինը մտադիր էր վախեցնել Ուկրաինայի իշխանությանն ու հասարակությանը` փորձելով այդ երկիրը հետ պահել եվրաասոցացումից:
Սակայն տեղի ունեցածի համար ճիշտ չի լինի մեղադրել ու քաղաքական պատասխանատու համարել միայն Սերժ Սարգսյանին: Հայաստանում ձևավորվել էր ամոթալի քաղաքական կոնսենսուս ռուսական վասալության շուրջ: 2013-ի աշնան սկզբին պրոռուսական ոչ իշխանական հայտնի բևեռը սպառնում էր Եվրաասոցացման համաձայնագրի կնքմանը նախապատրաստվող Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Լեգիտիմությունից ու հանրային վստահությունից զուրկ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահեց, այսպես կոչված, եվրաուրացման գնով, որից հետո Մոսկվայից ստացավ նաև իր ռուսամետ ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ինդուլգենցիան:
Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումից հետո Մոսկվան փորձում է Հայաստանում ձևավորել գրեթե նույն իրավիճակը:
Սակայն տվյալ պարագայում վտանգավորը ոչ այնքան Քոչարյանի գործոնն է, այլ այն հանգամանքը, որ նրա միջոցով Մոսկվան Հայաստանում փորձում է վերականգնել, այսպես կոչված, ռուսական վասալության ռեժիմը, ինչի վերացման հիմքերը հեղափոխությունը, կարծես թե, ստեղծել էր։ Քոչարյանը կդառնա այն գործոնը, որի միջոցով Մոսկվան կստիպի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հնարավորինս շատ հավատարմության երդում տալ Ռուսաստանին՝ դա արտահայտելով կոնկրետ քայլերով։
Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվի արտաքին քաղաքականության մեջ գտնել ավելի ճկուն և ռացիոնալ լուծումներ, նա Քոչարյանի գործոնը չեզոքացնելու համար տրվելու է Մոսկվային հաճոյանալու կամ առնվազն անընդհատ հավատարմություն հայտնելու իներցիային, այսինքն՝ տեղավորվելու է, այսպես կոչված, ռուսական գծի մեջ։
Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը, որն ունի բացարձակ լեգիտիմություն ու հասարակական վստահության մեծ պաշար, չի տրվի նման պրիմիտիվ ու հեշտ լուծումների գայթակղությանը ու չի գնա Սերժ Սարգսյանի ճանապարհով: Եթե հինգ տարի առաջ Մոսկվայի թիրախը Հայաստանի եվրաասոցացումն էր, ապա Ռուսաստանը հիմա հետամուտ է հեղափոխության արդյունքների չեղարկմանը: Երկու դեպքում էլ Մոսկվայի նպատակը ռուսական վասալության ռեժիմի վերականգնումն է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կանգնած է լուրջ փորձության առջև, որից հնարավոր է պատվով դուրս գալ, եթե Հայաստանն իրապես վարի ինքնաբավ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը պետք է ամրապնդված լինի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Սա է «գիշերային դիվանագիտությունը» հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը:










































