Զարգացող երկրներում ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը հասել է 900 մլն-ի՝ գրեթե երկու անգամ գերազանցելով զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշը՝ 550 մլն: Այս մասին է վկայում Overseas Development Institute գիտահետազոտական ինստիտուտի կողմից կատարված հետազոտությունը:
«Զարգացող երկրներում ավելորդ քաշով և ճարպակալմամբ տառապող մարդկանց թվի նման աճը վախ է ներշնչում: Այսօր ամբողջ աշխարհում աճում է քաղցկեղի որոշ տեսակներով, շաքարախտով, կաթվածով հիվանդանալու հավանականությունը, ինչը առողջապահական համակարգի հիմնական խնդիրն է»,- գրել է հետազոտության հեղինակ Սթիվ Ուիգինսը:
Ամբողջ աշխարհում ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապում է 1.45 մլրդ մարդ: Այս միտումը կապված է սննդակարգի փոփոխության հետ՝ ժամանակակից սնունդը ավելի շատ է պարունակում ճարպ և շաքար, չափաբաժիններն ավելի են մեծանում, իսկ շարժումները՝ քչանում:








































