«2013 թվականը համարում եմ կարևորագույն տարիներից մեկը, մի կողմից՝ ձեռքբերումների, մյուս կողմից՝ պարտությունների տեսանկյունից»,- ամփոփելով 2013 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տարին հստակորեն բաժանվում է երկու մասի՝ առաջին ութ ամիսն ու սեպտեմբերի 3-ից հետո: «Նախ՝ 2013-ը նշանավորվեց հերթական նախագահական ընտրություններով, որն ավանդաբար կեղծվեց, բայց այդ ընտրությունը շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ վերլուծության արժանի իրադարձություն է: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ առանց նախընտրական գործընթացների ու կոնսոլիդացիայի նախագահի թեկնածուն ստացավ հանրային վստահություն ու չկարողացավ պահպանել այն՝ հետընտրական հուզումներն առաջնորդելու ու արդյունքի հասցնելու համար: Արդյունքում՝ վերջնականապես փլուզվեցին լիդերի ինստիտուտն ու անհատի դերակատարման հետ կապվող հանրային հույսերը»:
Փոխարենը, ըստ Զ․ Հովհաննիսյանի, ամենակարևոր դրսևորումներից էր նոր տիպի քաղաքային սոցիալական շարժումը, որը կարողացավ կասեցնել տրանսպորտի թանկացումը. «Այդ ընդվզումը հանրույթների դերակատարման հաջողված օրինակներից է, որը կարողացավ ընդգրկել ավելի լայն շերտեր՝ ցուցադրելով քաղաքի կառավարման մարմնի կրիմինալ դեմքն ու գործելաոճը: Սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, տեղի ունեցավ արտաքին քաղաքական ուղեծրի փոփոխություն, որը առավել ազդեցիկ կուսակցությունների շրջանում դժգոհություններ չառաջացրեց: Սակայն կուսակցական այդ հենարաններից զրկված քաղաքացիական հանրույթն, այնուամենայնիվ, փորձեց ցույց տալ ընդվզման նշաններ՝ առաջին անգամ հանդես գալով արտաքին քաղաքականությանը վերաբերող հստակ ձևակերպումներով՝ ընդդեմ հակասահմանադրական, հակաօրինական ու հակաժողովրդավարական որոշման, որի համար գործի դրվեցին ոստիկանական կոշտ ճնշումներ»:
Զարուհի Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկա տարում մեզ սպասվում է բավական լուրջ և կոշտ պայքար ՝ երկշերտ, միմյանցից անբաժան ու փոխլրացնող բռնապետական համակարգի դեմ. «Առաջին շերտը ՀՀ իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանն է, ով լինելով ժողովրդի կողմից երկակի մերժված՝ 2008-ի և 2013-ի ընտրություններում իր բռնազավթած իշխանությունն ամրապնդում է ապօրինի գործարքով՝ անվերապահորեն հանձնվելով մեկ այլ բռնապետի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տարիներ շարունակ չկարողանալով ազատագրվել ապօրինի վարչախմբից ու հասնել ներքին փոփոխության՝ մենք ստանում ենք արտաքին փոփոխություն՝ ինքնիշխանության կորստի գնով: Ազատություն ու ինքնիշխանություն բառերը դարձել են վտանգավոր ու արդեն դուրս են եկել կուսակցական գործիչների բառապաշարից:
Չնայած դրան՝ փոքրաթիվ քաղաքացիական հանրույթը կարողացավ ձևակերպել ու խնդրահարույց դարձնել այս հարցը, ու տարեվերջին ունեցանք շոշափելի փոփոխություն՝ տարին ավարտում ենք կարևոր ցուցանիշով: Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները՝ հանրային հստակ ձևակերպված պահանջին ընդառաջ, կարողացան դիմադրել գազային խայտառակ պայմանագրին, որով Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20% բաժնեմասը: Արդյունքում մենք ունենք օրինական ճանապարհով չվավերացված գործարք:
Այժմ մեր խնդիրն է այդ փոփոխության հիման վրա ստեղծել ավելի մեծ ընդվզման ալիք, որը կկարողանա նախ՝ հասնել երկրի ղեկավարության փոփոխության, ապա՝ երկրի ինքնիշխանությանը հարվածող համաձայնագրերի կասեցման»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս պայքարը պիտի շարունակվի 2014-ին՝ առավել մեծ ու համոզիչ փաստարկներով. «Նաև ուզում եմ անդրադառնալ նոր դրսևորումների՝ հանրույթների ձևավորման ու մտածողության մեջ: Այս տարի հայտ ներկայացրեցին ձախ գաղափարներ կրող սոցիալական նոր գիտակցության հանրային խմբեր: Դա բոլորովին նոր դրսևորում է, որը գլոբալ փոփոխությունների ենթատեքստում է:
Տարածաշրջանային կտրվածքով տեղի ունեցան հետաքրքիր ու փոփոխությունների միտված զարգացումներ, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան համագործակցության ու տևական լարված հարաբերությունների ձնհալի տարի էր: 2014-ին Իրան-ԱՄՆ կապերն ավելի կխորանան ու նոր զարգացումների առիթ կհանդիսանան:
Նաև փոփոխություններ են նկատվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Արդեն ավելի բարձր մակարդակներում հնչում է ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու կարևորությունը:
Չեմ կարող չանդրադառնալ Ուկրաինայում տեղի ունեցող հանրային հուզումներին՝ Եվրոմայդանին, որտեղ քաղաքակրթությունների բախում է՝ ենթարկվել բռնապետությա՞նը, թե՞ ամրագրել ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների դրույթները: Այդ տարածքում են որոշվում նաև մյուս հետխորհրդային հանրապետությունների ապագան ու զարգացման միտումները:
Իսկ եթե դիտարկենք մարդկության քաղաքակրթության զարգացման ուղեծիրը, ապա կա ավելի մեծ վտանգ՝ համաշխարհային կտրվածքով: Դա կապիտալի աշխարհի քայքայման անկասելի ընթացքն է, որի փտած մարմինը պահպանելուն են լծվել բոլոր համակարգերը՝ իշխանական, կուսակցական, տնտեսական ու հոգևոր:
Ցանկանում եմ եկող՝ 2014 թվականին առաջադեմ մարդկության համախմբման ու էֆեկտիվ պայքար՝ կապիտալի փտած մարմինը պահող ու գարշահոտությունից աշխարհը խեղդամահ անող համակարգերի դեմ: Միայն էֆեկտիվ սոցիալական ու մարդու իրավունքների իրացմանը միտված քաղաքականություն, մարդկությունն ընդդեմ համակարգերի. այսպիսին կլինի 2014 թվականը»,- եզրափակեց նա:






































