ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կրկին Սիրիայի իշխանություններին մեղադրել են երկրում քիմիական հարձակումներ գործելու մեջ և հայտարարել դրանց կրկնության դեպքում պատասխան միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։
«(Արևելյան) Ղուտայում Զարինով սարսափելի հարձակման հինգերորդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կրկին դատապարտում են Ասադի ռեժիմի՝ քիմիական զենք օգտագործելը։ Ասադի ռեժիմի՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ինչպես մենք ցույց ենք տվել, մենք նաև հետագայում ըստ արժանվույն կպատասխանենք Ասադի ռեժիմի կողմից ցանկացած քիմիական զենքի օգտագործման»,-ասվում է հայտարարությունում։
Երկրները նաև անհանգստություն են հայտնել «Իդլիբում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի նկատմամբ սիրիական ռեժիմի ռազմական գործողությունների, ինչպես նաև դրանց մարդասիրական հետևանքների հետ կապված»։










































