ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 68 միլիարդ դրամով ավելի է։ Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Առաջին կիսամյակում միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 35.78%-ը:
2018թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 736 մլն 294 հազար դրամ հարկերով: Հաջորդում են «Գրանդ Տոբակո»-ն (16 մլրդ 699 մլն 240 հազար դրամ), «Գոեպրոմայնինգ գոլդ»-ը (8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ), «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն»-ը (8 մլրդ 166 մլն 858 հազար դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ), «Ալեքս Հոլդինգ»-ը (7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (7 մլրդ 84 մլն 646 հազար դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ 839 մլն 481 հազար դրամի հարկերով:
Թե ինչով է պայմանավորված այս տարվա հարկային մուտքերի ավելացումը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Հարկերի ավելի հավաքման գործընթացը պայմանավորված պետք է լինի կա՛մ վարչական լրացուցիչ միջոցների կիրառմամբ, կա՛մ հարկային դաշտում տեղի ունեցած որոշակի փոփոխություններով, կա՛մ տնտեսական աճով, որն այս տարի կա։ Բայց մյուս կողմից՝ ես ինձ թույլ եմ տալիս կարծելու, որ այսպիսի կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունեցել հարկահավաքման գործընթացում, հիմնականում պայմանավորված է դրական իմաստով վարչական լծակների կիրառմամբ, այսինքն՝ նկատի ունեմ ստվերի կրճատում, կոռուպցիայի դեմ պայքար, պետական միջոցների հափշտակության բացահայտում և այլն»։
Այս համատեքստում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա. «Եթե ընդհանուր հարկատեսակներին ենք նայում, ապա ստացվում է, որ խոշոր հարկատուները վճարել են 74.2% հարկ, այսինքն՝ սրանով ապացուցվում է, որ մեր տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի դերը շատ փոքր է, ինչը անհանգստացնող հանգամանք է, և սա պետք է հաշվի առնել ու վերանայել. խոշոր հարկատուները, այո, շատ են ներկայացված տնտեսության մեջ, և հարկերի վճարման պրոցեսում էլ այդպես պետք է լինի, բայց իրականում դա նորմալ չէ, և սա նոր կառավարության մարտահրավերներից մեկն է՝ խթանել ՓՄՁ-ների զարգացումը։ Նախորդ կառավարությունը հայտարարում էր, թե ամեն ինչ անում են ՓՄՁ-ների համար, բայց իրականում հակառակն է միշտ եղել՝ նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը, որպես այդպիսին, վերանա։
Ուստի կարծում եմ, որ ներկայիս իշխանությունների տնտեսական գերխնդիրներից մեկը պետք է լինի ՓՄՁ-ների տեսակարար կշռի մեծացումը, տնտեսության մեջ նրանց դերի ավելացումը, որովհետև քաղաքական կայունության հարցը լուծում է հենց միջին խավը, որը ներկայացված է փոքր ու միջին ձեռնարկություններում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։







































