Այս տարվա ապրիլին 90-ամյա Ջորջ Թեյլորը կորցրել էր կնոջը, որի հետ ապրել էր 65 տարի։ Թոշակառուն նոր էր իրեն հավաքել կորստից հետո, երբ հարկային ծառայության աշխատակիցները նրան փաստաթղթեր են ուղարկել, որոնց համաձայն նրա եկամուտը 3,2 միլիոն ֆունտ սթերլինգ է կազմել և որի դիմաց Թեյլորը պարտավոր էր 220 հազար ֆունտի չափով հարկ վճարել։

«Երբ ես տեսա փաստաթուղթը, հասկացա, որ նրանք չեն կատակում և շատ վատ զգացի ինձ։ Ես այլ ելք չէի տեսնում, քան ինքնասպան լինելը։ Գրեթե 42 տարի ես հրշեջ եմ աշխատել, սակայն նույնիսկ եթե ես չուտեի ու չխմեի ամբողջ կյանքս, ապա միևնույնն է, այդքան գումար չէի վաստակի»,– պատմել է թոշակառուն։

Ջորջը երեխաներ չի ունեցել, այդ պատճառով էլ խնդիրն ինքը պետք է լուծեր։ Բարեբախտաբար նրան գործից հասկացող աշխատակից է հանդիպել, ով ուսումնասիրել է իրավիճակը և գտել սխալը։ Շուտով Թեյլորը 16 ֆունտ վճարելու պահանջագիր է ստացել։

Հարկային ծառայության ներկայացուցիչները խոստացել են այլևս նման սխալներ թույլ չտալ և տեղեկատվությունը մի քանի անգամ ստուգել՝ նախքան ուղարկելը։ Տեսչությունը Թեյլորին 150 ֆունտ սթերլինգ է վճարել՝ որպես փոխհատուցում։











































