«Հայաստանում հեղափոխություն է. սկսվել և շարունակվում են հեղափոխական գործընթացները: Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը լավ չի պատրաստված ո՛չ աստիճանական զարգացումներին և ո՛չ էլ առավել ևս հեղափոխությանը, բայց փոփոխություններ կան, հնարավորությունները բացված են, այսօր յուրաքանչյուրն իր մի կաթիլ ջուրը պետք է ներդնի այդ ջրաղացին, որպեսզի մեր հեղափոխությունը հաջող հանգրվաններ ունենա»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԻՄ նախկին նախագահ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրեն այս գործընթացների մեջ գրավում է հայաստանակենտրոն քաղաքականությունը:
«Նիկոլ Փաշինյանը ընդգծված գործիչ էր, մեր սերնդին չհաջողվեց: Ակտիվ քաղաքականության մեջ մեր սերնդից շատ քչերն իրավունք ունեն մասնակցելու՝ առավել ևս վերջին ճշմարտության խոսք ասելու իրավունքով»,- նշեց Հ. Խաչատրյանը:
Նրա դիտարկմամբ՝ «կարկանդակը» միշտ էլ կիսելու կարիք ունի, չափի զգացողություն է պետք: «Հեղափոխության հաջորդ քայլը ազգային ունեցվածքի վերաբաշխումն է: Ոմանք չափի զգացումը կորցրել են և վերցրել են ազգային ունեցվածքի մեծ մասը: Եթե մարդիկ չեն զղջում, եթե մտավորականները դրան չեն խթանում իրենց խորհուրդներով, ես, որպես նոր Հայաստանի հպարտ քաղաքացի, մտածում եմ, որ պետք է գործի օրենքի ուժը»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ՝ տեսականորեն թավշյա հեղափոխությունը ենթադրում է թավշյա հակահեղափոխություն: «ՀՀԿ-ի շեղումների և այլասերման մեջ չպետք է մեղադրել Աշոտ Նավասարդյանին: Նոր սերունդը բացարձակ պատկերացում չունի, թե ինչպիսին էր ՀՀԿ-ն Նավասարդյանի ժամանակ»,- նշեց Հ. Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ Մարտի 1-ի ազդեցությունը ուղիղ կապված է ժողովրդավարության հետ:
Հարցին՝ նախկին իշխանություններն ինչո՞ւ իրենց չհանդուրժեցին, Հ. Խաչատրյանը պատասխանեց. «Կուսակցությանը կարող էին հանդուրժել, բայց հայտնվեցին խմբակային շահեր, որ մեկ ուրիշի ղեկավարությամբ մեր կուսակցությունը իբրև թե կարող էր իրենց ավելի լավ ծառայել… Ես հիմա ինձ հաղթած եմ համարում, չկա վրեժխնդրություն, բայց կա արդարության նոր ձգտում»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































