«Ես ընդհանրապես դեմ եմ «տարածքների վերադարձ» արտահայտությանը. չկա վերադարձ, կա հանձնում: Դրանք հայկական տարածքներ են, և ազատագրված 7 շրջանների հանձնումը չպետք է տեղի ունենա»,- մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Արցախյան խնդրին:
Քաղաքագետը Արցախյան հարցի շուրջ ակտիվացած խոսակցությունները կապում է հակահեղափոխական գործողությունների հետ. «Այդ խոսակցությունները ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո»:
Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին՝ նա կրկնեց իր խոսքը, որը կոնտեքստից կտրված էր ներկայացվել. «Եթե Արցախը իրապես ուզում է անկախ լինել Հայաստանից, եթե Արցախում իրապես գտնում են, որ իրենք պետք է անկախ լինեն և սրտանց հավատում են այդ անկախությանը, ապա միայն այդ պարագայում արցախցիները թող իրենք պաշտպանեն Արցախը: Եթե անկախ պետություն է, ինչո՞ւ պետք է ՀՀ զինվորները գնան և զոհվեն ուրիշ ժողովրդի (անգամ մարդու բերանի չի պտտվում ասել, որովհետև մենք նույն ժողովուրդն ենք) անկախության կամ ազատության համար»:
Քաղաքագետը նշեց, որ պետք է աստիճանաբար հրաժարվել ամբողջ բանակցային փաթեթից և Արցախի անկախության և ազատության մոտեցումից. «Որովհետև դա շատ վտանգավոր է հայկական հարցի, Հայաստանի և նույն Արցախի անվտանգության համար: Մենք այդ 7 շրջանները որևէ իրավական նորմով չենք կարող պահպանել, եթե Արցախը չենք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածք»:
Հայկ Մարտիրոսյանը համոզված է՝ այս իշխանությունը չունի որևէ տարածք հանձնելու մտադրություն: Նա համոզված է նաև, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենա նաև Արցախում. «Բակո Սահակյանը համակարգի մաս է և պետք է նույնպես անպայման հեռացվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































