«Տնտեսության զարգացման համար պետք են անհրաժեշտ և բավարար պայմաններ: Կոռուպցիա, ստվեր, հովանավորչություն, մոնոպոլիաներ. այս չորս խոչընդոտները, որ կային Հայաստանի տնտեսության առաջ, պետք է վերացվեն: Դրանից հետո պետք է գույքագրենք, թե ինչ ազդակներ է ստանում տնտեսությունը, որպեսզի հետո որոշվի, թե տնտեսությունն ինչ ճանապարհով պետք է տանել: Ես արդեն նկատում եմ կոռուպցիայի վերացումը, արհեստական մոնոպոլիաներն այսօր չկան. ոչ ոք չի կարող ապօրինի ձևով մյուսին ասել՝ այսինչ ապրանքը չպետք է ներմուծես, ստվերի կրճատում երևում է, թեև բացարձակ չի վերացել, համակարգային կոռուպցիան էականորեն նվազել է, չկա նաև հովանավորչություն: Այնպես որ տնտեսության զարգացման խոչընդոտների վերացման առումով այսօր լուրջ հաջողություններ ունենք»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ տնտեսական լավ արդյունքներ են արձանագրվում: Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո ազգային արժույթը չարժեզրկվեց, և դա մեր պլյուսն է:
«Կառավարությունը հետևողականորեն իրականացնում է ԱԺ-ի կողմից հաստատված իր ծրագրի առաջին փուլը»,- ընդգծեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ հաղթանակի արդյունքով ազատագրվելով նախորդ 20 տարվա բռնաշղթաներից՝ ժողովուրդը կարողանում է ազատ շնչել:
«Մեր Հարկային օրենսգիրքը հարմարեցված է եղել նախկին օլիգարխիկ համակարգին»,- նշեց Հ. Գևորգյանը:
Մ. Արիստակեսյանը հավաստիացրեց. «Գալիս է բարեփոխումների երկրորդ փաթեթը. սեպտեմբերին նախատեսվում է Հարկային օրենսգրքի գաղափարախոության փոփոխություն, որպեսզի այն լինի ՓՄՁ-ներին աջակցող, եկամտահարկի դրույքաչափերի փոփոխություն է կատարվելու… Կատարվում են օրենսդրական փոփոխությունների քայլերը»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































