«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն այսօր եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ աշխարհին կոչ արեց ճանաչել ու դատապարտել եզդիների հանդեպ իրականացված ոճրագործությունը:
Վերջինս աշխարհին կոչ է անում ու պահանջում, որ Երկիր մոլորակի վրա գտնվող ոչ մի անհատ չենթարկվի ցեղասպանության: «Ցեղասպանությունը որպես երևույթ աշխարհի երեսից պետք է վերանա »,-ընդգծեց ՀԿ-ի նախագահը:
Միջոցառմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը, ով իր ելույթով հավաստեց իր` եզդիների ցեղասպանության ճանաչման հավատարմությունը:
Նա այնուհետև ներկաներին փոխանցեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ եզդիներ, հարգելի՛ ներկաներ, այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Այդ հրեշավոր հանցագործության 4-րդ տարելիցի օրը հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները ոչ միայն զորակցություն են հայտնում եղբայր եզդի ժողովրդին, այլև վերահաստատում են իրենց վճռականությունը` շարունակելու պայքարը ցեղասպանութունների դատապարտման և կանխարգելման համար»:








































