Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը բոլորովին նոր իրավիճակ ստեղծեց Հայաստանում։ Հեղափոխությունն առաջին անգամ բախվեց մի իրավիճակի հետ, որը չի ենթադրում ստանդարտ լուծումներ ու չի կարող հանգուցալուծվել բացառապես հեղափոխական էյֆորիայի միջոցով։ Եթե Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը ձերբազատենք դիվանագիտական նրբանկատությունից (թեև այն դրանով առանձնապես չի փայլում), ապա Մոսկվան Հայաստանի կառավարությանն ըստ էության բաց տեքստով ասում է, որ չի պատրաստվում վերանայել վասալության ռեժիմը և պահանջում է անձեռնմխելի թողնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Սրանք են Լավրովի խոսքի հիմնական ուղերձները, մնացածը գեղեցիկ դիվանագիտական ձևակերպումներ են և, այսպես կոչված, ֆորմալություն։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության երրորդ ամսին հակահեղափոխությունն ըստ էության զրկված էր ռևանշի հասնելու ներքին հիմքերից, և Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրություններում ենթադրվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի կանխատեսելի ու հեշտ հաղթանակը։ Հիմա Մոսկվան հայտարարում է, որ Հայաստանի ներքաղաքական դիմակայության մաս է, ընդ որում՝ բավականին թափանցիկ ցույց տալով իր քաղաքական համակրանքը քրեաօլիգարխիայի հանդեպ, որին կոնսոլիդացնելու ուղղությամբ Ռուսաստանը, ըստ պատեհության, կարող է ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները։ Սա մոսկովյան գրեթե բաց աջակցություն է հայկական հակահեղափոխությանը՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ բացահայտ մարտահրավերով։ Իհարկե, այնքան էլ հասկանալի չէ՝ Մոսկվան այդ աջակցությունը կիրականացնի ընտրությունների՞ ժամանակ, թե՞ կարող ենք գործ ունենալ ֆորս-մաժորային իրավիճակների հետ՝ իր ներքին և արտաքին կոմպոնենտներով։
Անկասկած՝ ռուսական «ինտերվենցիան» նախապատրաստվել է ՀՀԿ երկու և ՀՅԴ հայտարարություններով։ Կարծես թե ստանում ենք այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր ՀՀԿ-ն՝ ի հեճուկս իր վերջին տասնամյակի մարտավարության, ստանձնել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունը։ Մոսկվան, ըստ ամենայնի, հետապնդում էր քրեաօլիգարխիկ ռեսուրսը կոնսոլիդացնելու մարտավարություն, և այդ համատեքստում ենթադրելի է առնվազն «զինադադար» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև ՀՀԿ ցուցանակի ներքո՝ ավելի լայն քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի պատրանքով։
Ամենևին պատահական չենք համարում, որ Լավրովի հայտարարությանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ստորագրությունները հետագայում, որպես պատգամավորների անձնական երաշխավորություն, ներկայացվելու են դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար»,-հայտնել է Աշոտյանը:
Դավադրության տեսությանը տրվելու գայթակղություն չունենք, սակայն թերևս մեկ կենտրոնից թելադրվող մարտավարության տրամաբանությանն է ենթարկվում նաև Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի ներկայացման հետաձգումը մեկ օրով. բողոքը պետք է ներկայացվեր երեկ, սակայն հայտնի դարձավ, որ այն ներկայացվելու է այսօր՝ հետկեսօրին։ Իրավական բոլոր փաստարկները, հասարակական տրամադրությունները խոսում են Ռոբերտ Քոչարյանի կալանքի օգտին, և ՀՀԿ ստորագրահավաքը չունի հաջողության որևէ հեռանկար, եթե Մոսկվան կազմակերպիչներին չի տվել երաշխիքներ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքը խիստ անհրաժեշտ է Մոսկվային՝ Հայաստանի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Թերևս Յուրի Խաչատուրովի նկատմամբ առաջին ատյանի դատարանը գրավ է կիրառել հենց Մոսկվայի ճնշումների հետևանքով (Լավրովն ակնարկում է, որ մի քանի օր ճնշում է բանեցվել Հայաստանի կառավարության նկատմամբ)։
Ռոբերտ Քոչարյանի դեպքում ռուսական ճնշումներն առաջին փուլում անարդյունավետ են եղել, հիմա Մոսկվան անցել է բաց, հրապարակային ճնշման՝ օգտագործելով մի նախադեպ, որը ստեղծել է Հայաստանի կառավարությունը։ Պատգամավորական երաշխավորագրերը դարձել են մեխանիզմ, որի միջոցով ազատության մեջ են հայտնվել «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք մեղադրվում են ոչ պակաս ծանր հանցագործությունների կատարման համար։ Հիմա՝ եթե Վերաքննիչ դատարանն անտեսի ՀՀԿ անդամ պատգամավորների միջնորդությունները, Մոսկվան բաց տեքստով հայտարարելու է Հայաստանում ընտրովի արդարադատության և քաղաքական հետապնդումների մասին։ Եթե Հայաստանի կառավարությունը տեղի տա Մոսկվայի ճնշումներին, ու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, հարվածի տակ է դրվում հեղափոխության միանգամից երկու ձեռքբերում. ստացվում է՝ Հայաստանում դատական համակարգն, այնուամենայնիվ, անկախ չէ ու առաջնորդվում է քաղաքական կոնյունկտուրայով կամ որ նույնն է՝ իշխանության հրահանգներով, և փուչիկի պես տրաքում է այն միֆը, որ հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է ինքնաբավ և ինքնուրույն։
Սակայն գոյություն ունի ավելի կարևոր համատեքստ. դա այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը խզում է առաջացնելու Նիկոլ Փաշինյանի կառավարության և հասարակության միջև, ինչը, ըստ էության, վերջակետ է դնելու հեղափոխական էյֆորիային՝ ռիսկեր ծնելով առաջիկա ընտրությունների համատեքստում։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն ինդիկատորային է և պետք է բացահայտի, թե ինչքանով է ուժող հայկական հեղափոխության իմունիտետը։ Լավրովի հայտարարությունն այն դեպքերից է, որը պետք է արժանանա պաշտոնական Երևանի համարժեք ու կոշտ միջամտությանը, հակառակ պարագայում չեղարկվելու են այն բոլոր փոփոխությունները, որոնք նոր բովանդակություն էին հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը հեղափոխությունից հետո, էլ չենք խոսում Երևանի փողոցներում ռուսական տանկեր հայտնվելու հեռանկարի մասին։
Սակայն Լավրովի երեկվա հայտարարությունն արդեն իսկ որոշակի հետևության տեղիք է տվել ավելի գլոբալ համատեքստում։ Կասկածի տակ է դրվում Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզերից մեկը, որով նա հեղափոխության համատեքստում, ըստ էության, հակադրում էր արժեքային և արտաքին քաղաքական կողմնորոշումները։ Հայկական հեղափոխության արժեքների լիարժեք կապիտալիզացիա չի կարող տեղի ունենալ առանց արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության, որովհետև Մոսկվան չի սահմանափակվում Հայաստանի նոր կառավարության հավատարմության երդումներով և պահանջում է Հայաստանում պահպանել անձեռնմխելիությունը քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա առաջին դեմքերի համար։ Այդ համակարգի կայացման համար Մոսկվան գնացել է աննախադեպ ոճրի՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպմանը. քրեաօլիգարխիան ռուսական վասալային ռեժիմի ինստիտուցիոնալ դրսևորումն է։
Վաղ թե ուշ Հայաստանի կառավարությունը կանգնելու է երկընտրանքի առաջ՝ կա՛մ ապագաղութացման միջոցով հասնել հեղափոխության լիակատար հաղթանակին, կա՛մ հեղափոխությունը ենթարկել ռուսական ֆիլտրման՝ ըստ էության չեղարկելով դրա հաղթանակը։











































